Իլհամ Ալիև. Իրանի հետ հուշագիրը չի ժխտում Զանգեզուրի միջանցքի բացումը
  Իլհամ Ալիև.  Իրանի հետ հուշագիրը չի ժխտում Զանգեզուրի միջանցքի բացումը
12:07     16 04 2022    
Ապրիլի 12-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի նախագահությամբ կայացել է՝ այս տարվա առաջի եռամսյակի արդյունքներին նվիրված խորհրդակցություն։

Ինչպես փոխանցում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին՝ պետության ղեկավարը խորհրդակցությանը հանդես է եկել ելույթով։

Իլհամ Ալիևի եզրափակիչ ելույթը

—Մենք պետք է խոսենք որոշ գործերի մասին, որոնք պետք է կատարել մինչև այս տարվա վերջը։ Այսօր ես կխոսեմ առաջիկա աշխատանքի, Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի հետ կապված մեր պլանների մասին, որովհետև, եթե խոսել ողջ երկրում առաջիկա աշխատանքի մասին, ապա դրա համար շատ ժամանակ կպահանջվի։ Ներդրումային ծրագրի իրագորման արդյունքում երկրում ընդհանուր առմամբ աշխատանքը ընթանում է ըստ պլանի, և յուրաքանչյուր մարզում քաղաքացիները դա տեսնում են։ Շատ նախագծեր իրագործվում են քաղաքացիների նամակների հիման վրա։ Քաղաքացիները իրենց անհանգստացնող հարցերով դիմում են և ինձ, և նախագահի աշխատակազմին, կառավարությանը, համապատասխան կառույցներին, և յուրաքանչյուր դիմումին ուշադրություն է հատկացվում։ Ուստի ներդրումային ծրագրի կազմավորման ժամանակ առաջնահերթությունը, իհարկե, տրվում է տեղերից ընդունվող առաջարկություններին։

Ինչ վերաբերում է Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում աշխատանքներին, այնտեղ առայժմ ոչ ոք չի ապրում։ Հետևաբար այնտեղ պլանավորված աշխատանքը մենք պետք է անցկացնենք և անցկացնում ենք կենտրոնացված կարգով։ Անցյալ տարի մեկնարկ է տրվել լայնամասշտաբային ստեղծագործական աշխատանքին և բարեկարգմանը, իրագործվել են խոշոր ենթակառուցվածքային նախագծեր։ Եթե այսօր սկսեմ դրանք թվարկել, ապա սա նույնպես երկար ժամանակ կխլի։

Ուզում եմ ևս մեկ անգամ հանձնարարություններ տալ այն աշխատանքների հետ կապված, որոնք պետք է կատարվեն մինչև ընթացիկ տարվա վերջը և հետագա մի քանի տարիներին։ Առաջինը կապված է քաղաքների գլխավոր հատակագծերի հետ։ Ներկա ժամանակ հաստատվել են Աղդամ և Ֆիզուլի քաղաքների գլխավոր հատակագծերը, և դրանց հիման վրա մեկնարկել են աշխատանքները։ Ես արդեն ծանոթացել եմ աշխատանքների ընթացքին։ Մոտ ժամանակներում պետք է հաստատվեն մյուս քաղաքների գլխավոր հատակագծերը։ Այս տարի պետք է նախապատրաստվեն և հաստատվեն Շուշայ, Ջեբրաիլ, Քելբեջար, Զանգիլան, Գուբադլը քաղաքների, Հադրութ և Սուգովշան ավանների գլխավոր հատակագծերը, որից հետո պետք է լրացումներ մտցվեն Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ներդրումային ծրագրերում, որովհետև, ինչպես այստեղ նշվել էր, նախատեսված են 2,2 միլիարդ մանաթի միջոցներ։ Սակայն առաջին եռամսյակում ծախսվել է 300 միլիոն մանաթից քիչ ավել։ Իհարկե, գլխավոր հատակագծերի հաստատումից հետո մենք կզբաղվենք միայն գործնական աշխատանքով։ Առաջին հերթին, ես նկատի ունեմ բնակելի շենքերի շինարարությունը, որովհետև մյուս ենթակառուցվածքի հետ կապված նախագծերը արդեն իրագործվում են։ Պետական բյուջեում այս տարի նախատեսված է ականազերծման գործընթացի արագացման համար մոտ 100 միլիոն մանաթի միջոցներ, և սա մեզ համար առաջնահերթային հարց է, որովհետև, այն չլուծելով, մենք չենք կարող քաղաքացիներին տեղավորել այդ մարզերում։ Միայն լիովին հավաստիանալով, որ այդ տարածքները մաքրված են ականներից, մենք կարող ենք քաղաքացիներին բնակեցնել այնտեղ։

Ինչպես արդեն նշել եմ, ապահովվում են նոր տեխնիկայի, այդ թվում նաև ամենաժամանակակից տեխնիկայի, անօդաչուների և մյուս ժամանակակից սարքավորումների գնումներ։ Այստեղ, անշուշտ, կա միջազգային մասնակիցների աջակցության մեծ պահանջարկ։ Այսօր ականազերծմամբ զբաղվում են մեր երեք կառույցներ՝ ԱՆԱՄԱ-ն, Պաշտպանության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները։ Որոշ ժամանակ առաջ քննարկվել է դրանում տեղի ընկերություններին ներգրավելու հարցը, և, որքան հայտնի է ինձ, նրանք նույնպես միանում են այդ աշխատանքին, որովհետև տվյալ նախաձեռնությունը խթանում է գործարարության զարգացմանը, ցավոք, մեր երկրում ականազերծման գործընթացը կլինի երկարաժամկետ, միևնույն ժամանակ, տեղի ընկերությունները աստեղ փորձ կկուտակեն և կկարողանան առաջարկել իրենց ծառայությունները։ Ինչ վերաբերում է օտարերկրյա ընկերություններին, ապա նրանց առաջարկությունները այսօրվա դրությամբ գների տեսակետով մեզ համար այնքան էլ ընդունելի չեն։ Որովհետև տեղի ընկերությունների և օտարերկրյա ընկերությունների կողմից առաջարկվող գները բազմապատիկ տարբերվում են։ Ուստի համարում եմ, որ երեք պետական կառույցների հետ մեկտեղ, որքան շատ ստեղծվեն տեղի ընկերություններ, այնքան լավ։ Բացի դրանից, անհրաժեշտ է ապահովել պետական գծով ամենաարդիական մեքենաների և մեխանիզմների ձեռքբերում։

Ընթացիկ տարում ազատագրված տարածքներում կշարունակվի էլեկտրամատակարարման հետ կապված աշխատանքը։ Անցյալ տարի ազատագրված հողերում կառուցվել են 20 մեգավատ հզորությամբ 4 հիդրոէլեկտրակայաններ՝ երկուսը Սուգովշանում, մեկը Լաչինի շրջանի Գյուլյաբիրդ գյուղում և մեկը՝ Քելբեջարի շրջանի Լեվ գետի վրա։ Լքելով մեր հողերը, անարգ թշնամին ոչնչացրել, վառել է ավելի քան 30 էլեկտրակայան։ Այդ կայանների ավերակները այնտեղ մնացել են, լինելով Քելբեջարի և Լաչինի շրջաննրում, յուրաքանչյուրը կարող է դրանք տեսնել։ Անցյալ տարի մենք սկսեցինք այդ կայանների վերականգնումը։ Այս տարի «Ազերէներժին» կվերականգնի հինգ կայան, դրանց հզորությունը կկազմի 27 մեգավատ։ Բայց լավ կլիներ, եթե մնացած կայանների վերականգնումը և հետագա շահագործումը իրագործվեր գործարարների կողմից։ Իհարկե, պետությունը նույնպես կարող է իր վրա վերցնել այդ աշխատանքը, բայց այն ունի ուրիշ շատ ծախսեր՝ սա առաջինը։ Երկրորդը՝ դա կարող է օգտակար ներդրում լինել նաև գործարարների համար։ Եթե հաշվի առնել, որ բոլոր ազատագրված մարզերը այսօր միացված են Ադրբեջանի մյուս մարզերի էլեկտրական գծերի հետ, ապա այնտեղ արտադրվող էներգիան կմիացվի ընդհանուր համակարգին։ Համարում եմ, որ սա կարող է շատ գրավիչ լինել գործարարների համար։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է առաջարկություն ներկայացնել յուրաքանչյուր կայանի մասով։ Հնարավոր է, որ խորհրդակցությունից հետո, գործարարները այդ մասին լսելով ինձանից, ավելի մեծ եռանդով կզբաղվեն դրանով։ Լավ կլիներ տվյալ հարցով զբաղվող գործարարների համար մնացած կայանների տեղանքի հետ կապված հատուկ շնորհանդես անցկացնել։ Խոսքը ոչ միայն հայերի կողմից ավերված կայանների մասին է։ Ներկա ժամանակ օտարերկրյա ընկերությունները մեզ դիմում են, մասնավորապես, Քելբեջարի և Լաչինի շրջաններում քամու էլեկտրակայանների շինարարության հետ կապված։ Եթե դա հետաքրքրում է օտարերկրյա ընկերություններին, նշանակում է այստեղ շահույթ կլինի։ Մենք պետք է ներգրավենք նաև տեղի ընկերություններին, կամ օտարերկրյա ընկերությունների հետ միասին, կամ առանձին։ Ջաբրաիլի և Զանգիլանի շրջաններում չափազանց բարձր է արևի էլեկտրակայանների ներուժը։ Այսինքն մեզ համար անհրաժեշտ է օգտագործել այս ամենը։ Մենք պետք է մեր ընդհանուր էներգետիկ հաշվեկշռում մինչև 30 տոկոս բարձրացնենք վերականգնվող էներգիայի մասնաբաժինը, ես նման կարգադրություն եմ արել, ապագայում այդ ցուցանիշը, հնարավոր է, որ կաճի, միևնույն ժամանակ տնտեսելով գազը՝ մենք կարող ենք այն արտահանել ներկայիս բարձր գներով։

Ինչպես արդեն նշել եմ, գծերը արդեն միացնում են բոլոր մարզերը։ Անցյալ տարի ազատագրված հողերում կառուցվել է 9 էլեկտրական ենթակայան։ Սա շատ բարձր ցուցանիշ է։ Միաժամանակ էլեկտրական գիծ է անցկացել Դաշքեսանից բարդ ռելիեֆով Քելբեջարի լեռների միջով դեպի Քելբեջար։ Լեռների բարձրությունը այնտեղ կազմում է 3500 մետր, մենք կարողացել ենք դա անել ձմռանը, ծանր, բարդ պայմաններում։ «Ազերէներժի»-ի մասնագետները արժանի են բարձր գնահատականի։ Այս տարի պետք է արագացվեն «Խուդաֆերին» և «Գըզ Գալասը» հիդրոէլեկտրակայանների շինարարության հետ կապված աշխատանքները։ Բանակցություններ են անցկացվում Իրանի Իսլամական Հանրապետության հետ, կարծում եմ, որ անհրաժեշտ է դրանք արագացնել, որպեսզի մենք շուտ ժամանակներում այստեղ նույնպես հասնենք պայմանավորվածության։ Որովհետև այդ կայանների ներուժը մեծ է՝ 240 մեգավատ, և դրանց շինարարությունից հետո այդ հզորությունների կեսը մեզ կհասնի։ Այսպիսով, մենք կարող ենք օգտագործել նաև այդ հնարավորությունները։ «bp» ընկերության հետ անցկացվում են Ջաբրաիլում արևի էլեկտրակայանի շինարարության մասին բանակցություններ։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում արդյունքներ ևս կլինեն։ Կարծում եմ, որ այդ կայանը կտիրապետի խոշոր ներուժի։

Ընդհանուր առմամբ, ես արդեն անվանեցի այդ թիվը։ Միայն ազատագրված հողերում վերականգնվող կայանները տիրապետում են 9 հազար մեգավատ հզորության գերազանցող ներուժի, և մենք բազմաթիվ առաջակություններ ենք ստանում աշխարհի առաջատար օտարերկրյա ընկերություններից այն հաշվառմամբ, որ մենք էլեկտրական գծեր ունենք հարևան երկրների հետ և մեր արտահանումային հնարավորությունները ընդլայնվելու են։ Անցյալ տարի էլեկտրաէներգիայի արտահանումը՝ 2020 թվականի ցուցանիշի համեմատ աճել է։ Այստեղ իրոք կա առանձնահատուկ հնարավորություն, ինչպես երկրի, այնպես էլ Կասպից ծովի հաշվառմամբ։ Բայց, այսօր խոսելով այն աշխատանքի մասին, որը պետք է իրագործվի ազատագրված հողերում, կցանկանայի ձեր ուշադրությանը հասցնել հատկապես այս հարցը։ Միևնույն ժամանակ օրակարգի հարցերից մեկն է հանդիսանում նաև Զանգիլանից Իրանի միջով դեպի Նախչըվան, իսկ այնտեղից՝ նորից Իրանի և Թուրքիայի էներգահամակարգը։

Նախորդ ամիս Իրանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է կամուրջների, երկաթուղային կամուրջների շինարարության մասին հուշագիր։ Այդ հուշագրում կա նաև էլեկտրական գծերի անցկացման հետ կապված դրույթ։ Հետևաբար, մենք շուտով պետք է սկսենք այդ աշխատանքը։ Ցանկացած դեպքում, այս տարի անհրաժեշտ է ներկայացնել Ադրբեջանի տարածքներում անցկացվելիք աշխատանքների հետ կապված կոնկրետ առաջարկություններ։ Ջաբրաիլի ենթակայանից մինչև Զանգիլան գծի անցկացումից և Իրանի Իսլամական Հանրապետության հետ վերջին համաձայնության ձեռք բերումից հետո, այդ գիծը կարող է անցկացվել արդեն Իրանի միջով։

Բացի դրանից, նախատեսված են ավտոմոբիլային և երկաթուղային կամուրջների շինարարություն։ Իհարկե, դա չի բացառում Զանգեզուրի միջանցքի բացումը։ Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի։ Ապրիլի 6-ին Բրյուսելում կայացավ Զանգեզուրի միջով, ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհների հարցի հետ կապված կարծիքների լայն փոխանակում։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում կանցկացվի հիմնարկեկի արարողություն, և, ասպիսով կբացվի նոր միջազգային տրանսպորտային միջանցք։ Ընդհանրապես, տրանսպորտային ենթակառուցվածքի հետ կապված մեր բոլոր պլանները իրագործվել են ժամանակին։

Եթե այսօր այդ խոշոր ներդրումները չներդրվեին նավահանգստի, երկաթուղային ճանապարհների, օդանավակայանների, ավտոմայրուղիների և մյուս ենթակառուցվածքի մեջ, ապա Ադրբեջանը, անշուշտ, կարող էր զրկվել այս նոր հնարավորություններից։ Սակայն, ընդհակառակը, այսօր մենք կարող ենք առավելագույնս օգտագործել մեր տրանսպորտային ենթակառուցվածքը։ Նավաշինական գործարանում կառուցվում են նոր չորաբեռնային նավեր, տանկերներ։ Այսինքն այս ամենը՝ ժամանակին ձեռնարկված քայլեր են։ Եթե մենք չկառուցեինք նավաշինական գործարանը, ապա այսօր մենք չէինք կարողանա օգտագործել այդ հնարավորությունները։ Իսկ այժմ մենք ոչ ոքից կախված չենք։ Կարող ենք կառուցել այնքան լաստանավեր, տանկերներ, չորաբեռնային նավեր, որքան ցանկանանք։ Այս տարի մենք ավելացրել ենք Կասպիի միջով բեռնափոխադրումների ծավալը, հաջորդ տարի այն էլ ավելի կավելանա։

Պետք է ասել նաև, որ արդեն պատրաստ է 100 կմ երկարությամբ Հորադիզ-Աղբենդ երկաթուղային ճանապարհի 60 կիլոմետրանից հատվածը։ Այսինքն, մենք առաջ ենք ընթանում բարձր տեմպերով։ Անցկացվում է նաև չորս և վեցգոտիանոց ավտոմայրուղի։

Ուզում եմ ուշադրությունը հրավիրել ևս մեկ հարցի վրա։ Հայաստանը պետք է հասկանա, որ չի կարողանա խանգարել մեր պլաններին։ Եթե նա մեզ չտա Զանգեզուրի միջով միջանցք, ապա անձամբ կորուստ կկրի և, առաջին հերթին կխախտի նոյեմբերի 10-ի հռչակագիրը։ Որովհետև նոյեմբերի 10-ի հռչակագրում հստակ նշված է, որ Ադրբեջանի արևմտյան մասի և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է հաղորդակցություն լինի, և դա Հայաստանի պարտավորությունն է։ Եթե նա չի ցանկանում կատարել իր պարտավորությունը, ուրեմն մենք նույնպես ոչ մի պատասխանատվություն չենք կրի այս, կամ այն պարտավորության կատարման հետ կապված։ Նրանք պետք է իմանա դա և ժամանակ չձգձգեն։ Մենք առանց այդ էլ կհասնենք մեր ուզածին։ Լավ կլինի, եթե նրանք շտապեն։ Այլապես, այդպես էլ կմնան շրջափակման մեջ։

Ինչ վերաբերում է այլ ենթակառուցվածքային ծրագրերին, ապա կարող եմ ասել, որ այս տարի շարունակվում է Բարդա-Աղդամ երկաթգծի շինարարությունը։ Հաջորդ տարի այն հավանաբար շահագործման կհանձնվի։ Զուգահեռաբար անհրաժեշտ է երկաթուղային կայարաններ կառուցել Աղդամում և Ֆիզուլիում։ Պետք է ներկայացվեն նախագծեր, որոնք համապատասխան կառույցները կդիտարկեն ու կներկայացնեն ինձ։

Տրանսպորտային ենթակառուցվածքի հետ կապված մեկ այլ հարց է՝ Զանգիլանի միջազգային օդանավակայանի շահագործման հանձնումը։ Սա նույնպես նախատեսված է այս տարի։ Սա կլինի Ֆիզուլիից հետո ազատագրված հողերում երկրորդ միջազգային օդանավակայանը։ Ինչ վերաբերում է Լաչինի միջազգային օդանավակայանի շինարարությանը, մենք այն նախատեսում ենք 2024 թվականին։ Այնտեղ աշխատանքների ծավալը շատ մեծ է, պետք է սարերը պայթեցնել, տարածքը հարթեցնել, այնտեղ իրոք շատ հողային աշխատանքներ են կատարվելու։ Բայց դա անպայման կլինի։

Ինչ վերաբերում է ավտոմոբիլային ճանապարհների անցկացմանը, ապա ընթացիկ տարում անհրաժեշտ է լիովին շահագործման հանձնել Նավթալանից մինչև Թալըշ գյուղ ճանապարհները։ Դրանք միաժամանակ Նավթալանը կմիացնեն Սուգովուշանի հետ։ Երկու բնակավայրերը շատ բարենպաստ են զբոսաշրջության համար։ Նավթալանը արդեն վերածվել է միջազգային զբոսաշրջային կենտրոնի, և այնտեղից մինչև Սուգովշան հեռավորութոյունը շատ կարճ է։ Վերջերս Սուգովուշանին նույնպես ներկայացվել են զբոսաշրջային հնարավորություններ՝ և՛ զբոսաշրջություն, և՛ կացարան, և՛ սպորտ։ Այսինքն այս ճանապարհը մեծ նշանակություն ունի, մենք կկարողանանք հարմարավետ հասնել Սուգովուշան, ինչպես Նաֆթալանից, այնպես էլ Թերթերից։ Ուստի այս տարի այդ ճանապարհը պետք է շահագործման հանձնվի։

Այս տարի նախատեսվում է նաև շահագործման հանձնել Լաչին քաղաքը շրջանցող նոր այլընտրանքային ճանապարհը։ Այս ճանապարհը նույնպես ունի շատ կարևոր նշանակություն, և այս տարի արդեն պետք է շահագործման հանձնենք։ Այս տարի շահագործման հանձնվող ճանապարհներից են Ֆիզուլի-Հադրութ մայրուղին, Գուբադլը- Էյվազլը գյուղ ճանապարհը և այլ ճանապարհները։ Այդ թվում նաև, Քելբեջարի և Լաչինի շրջաններում կշարունակվի ռազմական ճանապարհների անցկացումը։ Տեղերում, այն տարածքներում, որտեղ պատմության ընթացքում երբեք ճանապարհներ չեն եղել, միայն անցյալ տարի անցկացվել է մոտ 700 կիլոմետր ճանապարհ։ Այսինքն այդ ճանապարհները անցկացվել են մինչև ադրբեջանա-հայկական սահմանը։

Այժմ սահմանու կարելի է հանգիստ ծառայել։ Ուզում եմ ադրբեջանական հանրությանը տեղեկացնել այն նախագծերի մասին, որոնց իրագործումը շարունակվում է։ Ավտոմայրուղիների միջև, բարձր տեմպերով անցկացվում է Բարդա-Աղդամ ավտոմայրուղու ուղղությամբ աշխատանքները, կառուցվում են Քելբեար-Լաչին ավտոմայրուղին և շուրջ 4 կիլոմետր երկարությամբ թունել։ Կառուցվում է Խուդաֆերինից Գուբադլը, և այնտեղից դեպի Լաչին տանող ավտոմայրուղին։ Կառուցվում է Ջաբրաիլ-Հադրութ ճանապարհը։ Բացվել է Հաղթանակի ճանապարհը, բայց ներկա ժամանակ անցկացվում է Ֆիզուլի-Շուշա քառագոտի մայրուղի, Հորադիզ-Աղբենդ, Աղդամ-Ֆիզուլի ճանապարհների շինարարությունը։ Կարևորագույն ճանապարհներից մեկն է հանդիսանում Թողանա-Քելբեջար ավտոմայրուղին, որովհետև այդ ճանապարհի և 12 կիլոմետրանոց թունելի անցկացումից հետո վերացվում է Մուրովի լեռնանցքով անցնելու անհրաժեշտությունը, մենք հանգիստ կանցնենք թունելի միջով։ Այս տարի շարունակվում է Քելբեջար-Իսթիսու ավտոմոբիլային ճանապարհի շինարարությունը։ Սա նույնպես ունի մեծ խորհրդանշան։ Իսթիսու առողջարանը շատ հանրաճանաչ էր Խորհրդային Միությունում։ Բայց երբ մենք Մեհրիբան Ալիևայի հետ այցելեցինք Իսթիսու, ապա այնտեղ տեսանք հրեշավոր պատկեր։ Առողջարանները, ջրային աղբյուրները լիովին ոչնչացված են։ Ես ասացի, որ այդ վայրի ցեղը քիթը խոթել է ամենուր, այդ թվում նաև այնտեղ։ Նախկին առողջարանից մնացել են միայն մի քանի ավերակներ։ Ուստի որոշեցի, որ անհրաժեշտ է այնտեղ կառուցել նոր, ժամանակակից հյուրանոց։ Ներկայումս պատրաստվում է մոտ 150-160 մահճակալանոց հյուրանոցային նախագիծ։ Պետք է սկսենք նաև բուժիչ խմելու ջրի արտադրությունը։ Նման հրահանգ նույնպես տրվել է։ Նախնական շփումներ արդեն եղել են, և կարծում եմ, որ այս տարի հնարավոր է հիմք դնել խորհրդանշական մեծ նշանակություն ունեցող երկու կարևոր նախագծերի։ Միաժամանակ, վստահ եմ, որ մենք, ինչպես ասում են, կվերականգնենք այս պատմական արդարությունը, և կրկին կստեղծվի միջազգային մակարդակի հանգստավայր, քանի որ Լաչինի օդանավակայանի շահագործման հանձնելուց և Թողանա-Քելբեջար մայրուղու, թունելի կառուցումից հետո, հնարավոր կլինի հարմարավետորեն հասնել Քելբեջար ինչպես Գյանջայի, այնպես էլ Լաչինի կողմից։ Համոզված եմ, որ մի փոքր ժամանակ կպահանջվի, և Իսթիսուն կվերադառձնի իր նախկին փառքը։

Այժմ ազատագրված հողերում անցկացվում է խմելու ջրի աղբյուրների նախագծում։ Դրանց միջև առաջնահերթայինը, իհարկե, հանդիսանում է Շուշա քաղաքում խմելու ջրի նախագիծը, որովհետև Շուշայում արդեն ապրում են մարդիկ։ Շուշայում նաև կառուցվում են բնակելի շենքեր, շուտով մարդիկ կվերադառնան։ Ուստի Շուշայում խմելու ջրի նախագիծը պետք է այս տարի լիովին շահագործման հանձնվի։ Պատերազմի ժամանակ, հայերը փախչելով Շուշայից՝ պայթեցրել են ջրագծերը, իրագործել են հերթական վանդալիզմ, օկուպացիայի ժամանակահատվածում շատ վատ վիճակի են հասցրել բոլոր 17 աղբյուրները։ Սա վանդալիզմի դրսևորում է, կրկին անգամ ցուցադրում է, որ Շուշան հայերի համար միշտ եղել է օտար քաղաք։ Նրանք միշտ նախանձում էին Շուշային, կեղտոտ մտադրություններ էին կերտում, որ մի օր գրավելու են Շուշան։ Ցավոք, 1992 թվականի մայիսին Շուշան օկուպացվեց ազգային դավաճանության հետևանքով։ Իսկ հիմա մենք վերադարձել ենք Շուշա, մենք՝ Շուշայի տերերը, վերադարձել ենք ու միշտ ապրելու ենք այնտեղ։ Շուշայի, ինչպես մնացած բոլոր ազատագրված հողերի վերականգնումը, իհարկե, շատ կարևոր է, և կարծում եմ, որ այն պետք է լինի առաջնահերթություն։ Ադրբեջանական ժողովուրդը նույնպես հավանություն է տալիս նման մոտեցմանը։ Այսօր արդեն Շուշայում վերականգնման աշխատանքներ են ընթանում, որոշ պատմական հուշարձաններ վերականգնվել են։ Ուզում եմ հանձնարարականներ տալ այս տարվա անելիքների հետ կապված։ Վերականգնվում են պատմական հուշարձանները, Հեյդար Ալիևի Հիմնադրամը հիմնովին վերականգնում է 3 մզկիթ, միաժամանակ մոտակա ամիսներին կսկսվի նոր մզկիթի շինարարությունը։ Տեղն արդեն որոշված է, դրա հիմքը դրել ենք։

Ներկա ժամանակ ընթանում է մյուս պատմական հուշարձանների վերականգնումը։ Կան որոշ առաջարկություններ, էսքիզներ, և մենք, իհարկե, պետք է վերականգնենք Շուշայի պատմական տեսքը։ Այնտեղ չպետք է իրագործվի ոչ մի այնպիսի նախագիծ, որը կարող է վնաս հասցնել պատմական ճարտարապետական անսամբլին։ Շուշայում դրվել է նոր հեռուստաաշտարակի հիմքը, մոտ ժամանակում, հավանաբար կներկայացվի նախագիծը։ Հենց որ այն ներկայացվի, անպայման պետք է միջոցներ հատկացվեն։ Կառուցվում է 960 աշակերտական տեղով դպրոց, 90 մահճակալանոց հիվանդանոց։ Այս նախագծերի հիմքը դրվել է։ Նախկին փոստի շենքում կտեղադրվի «ASAN Xidmət»-ը, «DOST» կենտրոնը և բնակչությանը ծառայություններ մատուցող այլ կառույցներ։ Փոստի շենքը հիմնովին կվերանորոգվի և կպահպանվի ճարատարապետական տեսքը։

Հարկ է նաև ասել, որ Շուշայում դրվել է բնակելի թաղամասի հիմքը, մեկնարկել է տների շինարարությունը։ Ընտրվել է նոր, հինգհարկանի հյուրանոցի շինարարության համար վայրը։ Դա հենց այն վայրն է, որտեղ ժամանակին տխրահռչակ կազմավորումը մտադիր էր կառուցել «պառլամենտ», այնտեղ տեղադրվել էր նաև մեկ այլ սատանայի բույն։ Պատերազմի ժամանակ այն նույնպես անհետացավ։ Ինձ այնտեղ հինգ աստղանի հյուրանոցի նախագիծ ներկայացրին։ Այն կլինի Շուշա քաղաքի ճարտարապետության հետ զուգակցող գեղեցիկ շենք։ Հիմնանորոգվում է քաղաքապետարանի շենքը, իսկ մոտակայքում կառուցվում է նիստերի նոր դահլիճ, քանի որ ներկայումս Շուշայում մեծ միջոցառումներ անցկացնելու տեղ չկա։ Ուստի նիստերի դահլիճը կից կլինի քաղաքապետարանի շենքին, և առաջիկայում այնտեղ կանցկացվեն ամենաներկայացուցչական միջոցառումներ։

Հաջորդ ամիս Շուշայում նորից կանցկացվի «Խարըբյուլբյուլի» փառատոնը։ Անցյալ տարի Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախաձեռնությամբ փառատոնում իրենց տաղանդը ցուցադրեցին Ադրբեջանում ապրող ժողովուրդները։ Եվ այսօր մենք հրավիրել ենք նաև ֆոլկլորային խմբեր աշխարհի տարբեր երկրներից: Ես արդեն ունեմ նախնական տվյալներ, չեմ ուզում ժամանակից շուտ հայտարարություն անել, բայց կարծում եմ, որ շատ հետաքրքիր փառատոն է լինելու։ Մենք արդեն վերականգնել ենք այդ ավանդույթը։ Ինչպես գիտեք, «ԹՈՒՐՔՍՕՅ»-ը Շուշան հռչակել է 2023 թվականին «Թուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք»։

Այս տարի նախատեսվում է ազատագրված հողատարածքներում իրականացնել ոռոգման հետ կապված նախագծեր։ Այս նախագծերի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ նախապատրաստական աշխատանքները շատ ժամանակ են պահանջում, որովհետև անհրաժեշտ է ճիշտ անցկացնել նախագծման աշխատանքները, ճիշտ ընտրել վայրերը։ Որտեղ կանցկացվի ջրանցքը, կկառուցվի ջրամբարը՝ սրանք հարցեր են, որոնք իրոք ժամանակ են պահանջում։ Դրա համար ես ոչ մեկին չեմ շտապեցնում։ Բայց միևնույն ժամանակ մենք պետք է անպայման միջոցներ գտնենք արդեն հաստատված նախագծերի իրականացման համար։ Այստեղ նշվեց, որ այսօր բյուջեն ավելցուկով ենք կատարում։ Այս տարվա 3 ամիսների ընթացքում հարկային մարմինները հավաքագրել են կանխատեսվածից ավելի քան 500 մլն մանաթ, իսկ մաքսային մարմինները՝ ավելի քան 200 մլն մանաթ։ Այսինքն՝ մենք հիմա հնարավորություններ ունենք։

Ոռոգման աշխատանքները կդառնան, ինչպես ազատագրված հողերի, այնպես էլ ողջ երկրի համար պարենային անվտանգությունը պայմանավորող հիմնական գործոններից մեկը։ Այդ նախագծերը պետք է իրագործվեն այնպես, որպեսզի ինտեգրվեն մեր ընդհանուր ոռոգման տնտեսության մեջ։ Սրան նույնպես պետք է շատ լուրջ ուշադրություն դարձնել, քանի որ ազատագրված հողերի ռելիեֆն այնպիսին է, հատկապես նկատի ունեմ Քելբեջարի, Լաչինի, Գուբադլիի գոտին, որ այնտեղից, ինչպես ոռոգման, այնպես էլ խմելու ջուրը կարող է ինքնահոս հասնել մինչև Աղդամ, Բարդա և այլ վայրեր։ Սա պետք է ինտեգրվի մեր ընդհանուր ոռոգման համակարգի մեջ: Միաժամանակ մենք պետք է օգտագործենք մեր գետերը որպես խմելու ջրի աղբյուր։ Օկուպացիայի ժամանակ մեր գետերը նույնպես ենթարկվել են էկոլոգիական ահաբեկչության, նրանք նույնպես եղել են օկուպացիայի տակ, և թշնամին մեզ զրկել էր մեր գետերից։ Մենք իրականում չէինք կարողանում օգտագործել Թերթեր գետի ջուրը։ Իսկ Թերթեր գետը հանդիսանում է Ադրբեջանում ամենախոշորներից մեկը։ Սուգովշանը գտնվում էր հայերի ձեռքում, հետևաբար նրանք ամռանը փակում էին ջուրը, մեր դեմ էկոլոգիական ահաբեկչություն էին կատարում, իսկ ձմռանը բացում էին, ինչը առաջացնում էր ջրհեղեղներ։

Ղարաբաղում, որտեղ հայեր են ապրում, վերջերս խափանվել էր գազատարը, և որոշ ժամանակ գազ չկար։ Նրանք աշխարհով մեկ աղմուկ բարձրացրին, իբրև Ադրբեջանն այստեղ հումանիտար աղետ է սարքել։ Նրանք 15 տարի փակել էին գազի հոսքը Նախչըվան։ Իսկ Նախչըվանում ձմեռը էլ ավելի սաստիկ է, ցրտահարությունը հասնում է մինուս 30 աստիճանի։ Դե լավ է, նախչըվանցիները 1990-ից մինչև 2005 թվականներին ապրել են առանց գազի։ Ո՞վ էր նրանց զրկել։ Հայերը և Հայաստանի ղեկավարությունը, հայկական պետությունը։

Գոնե մեկ մարդ, կազմակերպություն, երկիր բարձրաձայնե՞ց։ Ոչ՛։ Մնացին անտարբեր։ Իսկ երբ Խանքենդիում մի շաբաթ գազ չկար, ով միայն մեզ չզանգեց՝ Ամերիկայից մինչև Եվրոպա։ Նախ, հենց Եվրոպայում կան այնպիսի երկրներ, որտեղ չկա գազ, ընդհանրապես չկա, գազաֆիկացիա չի անցկացվել։ Չեմ ուզում անվանել։ Կան երկրներ, որտեղ գազաֆիկացման մակարդակը կազմում է 3-5 տոկոս։ Այնտեղ ի՞նչ է, հումանիտար աղետ է տիրում։ Չէ որ նրանք ընդամենը մի շաբաթ էին առանց գազի մնացել, սա հումանիտար աղե՞տ է։ Իսկ երբ Նախչըվանը 15 տարի առանց գազի էր մնացել, դա հումանիտար աղետ չէ՞ր։ Ահա ինչումն է բանը։ Կա՞ դրա պատասխանը։ Կա՛։ Երկակի չափանիշներ և խտրականություն։ Ներկա ժամանակ մենք վերականգնել ենք գազի մատակարարումը, և հայերը պետք է դա գնահատեն։ Մենք պարզապես բարի կամք դրսևորինք։ Եթե չուզենաինք՝ չէինք վերականգնի։ Ո՞վ կարող էր մեզ ինչ որ բան ասել։ Մենք պարտավո՞ր էինք այն վերականգնել։ Ոչ՛։ Վերականգնեցինք, հույս ունենք, որ նրանք նույնպես կհասկանան, որ հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ, որ պետք է, և կապրեն Ադրբեջանի դրոշի ներքո։ Որքան շուտ նրանք դա հասկանան, այնքան լավ կլինի նրանց համար։ Հետևաբար և դա արեցինք, դրսևորեցինք մարդասիրություն։ Բայց մենք երբեք չենք մոռանա այն, ինչի հետևանքով Նախչըվանը մնացել էր առանց գազի։ 2005 թվականին, Իրանի հետ համաձայնագրի հիման վրա, մենք Իրանից գազ անցկացրինք Նախչըվան, ինչպես նաև գազային գիծը Աստարայից իրանական Աստարա և անցկացնում ենք փոխանակման գործողություններ։ Այդ ժամանակից առայսօր Նախչըվանը այդպես է ապահովվում, Իրանից է գազ ստանում։ Բայց մեզ համար գազը փակեցին, ջուրը կտրեցին։

Մի քանի տարի առաջ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում նախապատրաստվել և ընդունվել էր զեկույց, որը կապված է Ադրբեջանի դեմ Հայաստանի էկոլոգիական ահաբեկչության հետ։ Այնտեղ ամեն ինչի մասին բացահայտ ասվել է։ Նրանք մեզ զրկեցին Թերթեր գետի ջրից։ Թեև, երբ Հեյդար Ալիեւը կառուցեց Սուգովուշանի ջրամբարը, նախատեսվում էր ոռոգել Բարդայի, Աղդամի, Գերանբոյի, Եվլախի, Աղջաբեդիի և այլ շրջաններում 100 հազար հեկտար հողատարածք, և ջուր էր մատակարարվում։ Այսօր մենք վերադարձրել ենք Սուգովուշանը, վերականգնել ենք ջրամատակարարումը, կանցկացվեն նաև նոր ջրանցքներ։ Մյուս գետերը՝ թող և Ադրբեջանի քաղաքացիները և ամբողջ աշխարհը իմանան, թե ինչից են մեզ հայերը զրկել, Հաքարի գետը ամենամեծ գետերից մեկն է, մենք չէինք կարող նրանից օգտվել։ Բազարչայ։ Այն նաև անվանում են Բարգյուշադ գետ։ Լեվ, Զաբուհ, Թութգուն, Բեսիթչայ, Գարգաչայ, Գուրուչայ, Քյոնդելենչայ, Օխչուչայ գետերը։ Հայերը օկուպացրել և բարբարոսաբար շահագործում էին այս բոլոր գետերը։ Այսօր ողջ աշխարհն ականատես է Օխչուչայ գետ ում տեղի ունեցած աղետին։ Մենք բարձրացրել ենք այդ հարցը։ Երբ այս հարցը բարձրացրինք, մեզ խոստացան, որ այս աղետի պատճառ դարձած ընկերությունը կիրականացնի գետի մաքրման աշխատանքներ։ Սակայն արդեն մեկ տարի է անցել, ոչ մի առաջարկներ չենք ստացել։ Օխչուչայ գետը աղտոտել, թունավորվել է «Cronimet» ընկերությանը։ Սա խոշոր ընկերություն է, և արտասահմանյան որոշ մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ կոռուպցիոն սխեմաների հիման վրա ապօրինի բիզնես կապեր է պահպանել Սերժ Սարգսյանի նախկին խունտայի ռեժիմի ներկայացուցիչների հետ և նրանց հետ միասին շահագործել նույն պղնձի կոմբինատը։ Այնուհետև Հայաստանի կառավարությունն այս կոռումպացված հայ ներկայացուցիչներից խլել է կոմբինատում մասնաբաժինը: Սակայն աղետի պատճառ դարձած « Cronimet» ընկերությունը պետք է պատասխան տա սրա համար, թե՞ ոչ։ Ես ասել եմ, որ հարցը պետք է բարձրացվի միջազգային դատարաններում։ Հիմա ես չեմ ուզում շատ բան ասել, արդեն հանդես կգանք իրավական հայցով, նախապատրաստական աշխատանքներ են ընթանում, ներգրավվել են միջազգային փորձագետներ։ Մենք աշխարհով մեկ մերկացնելու ենք հայությանը, իր բարբարոսության համար։ Այդ թվում նաև օտարերկրյա ընկերություններին, որոնք շահագործում էին մեր հանքավայրերը։ Մեր ոսկու, մյուս հանքավայրերը ապօրինի շահագործած օտարերկրյա ընկերությունները կարծում են, որ մենք իրենց հանգի՞ստ կթողնենք։ Ոչ՛։ Մենք նրանց պատասխանատվության կենթարկենք, կխայտառակենք։ Թող Օխչուչայ գետի ջուրը դեղին ներկած «Cronimet» ընկերությունը գա ու մաքրի այն իր աղբից։ Թե՞ կարծում են, որ ժամանակն անցել է, և մենք ամեն ինչ մոռացել ենք։ Մենք ոչինչ չենք մոռացել և չենք մոռանալու։

Տեսեք, որքան ջրամբարներ էին գտնվում օկուպացիայի տակ։ Խուդաֆերինը՝ խոշորագույն ջրամբար, որում ջրի պաշարները կազմում են 1 միլիարդ 600 միլիոն խորանարդ մետր, Գըզ գալասը, Սուգովուշանը, Խաչինը, Քյոնդելենչայ 1-ը, Քյոնդելենչայ -2-ը, Աշաղը Քյոնդելենչայը, Աղդամքենդը՝ այս ջրամբարները գտնվում էին օկուպացիայի տակ։ Այժմ մենք դրանք վերականգում ենք և կվերականգնենք։ Ինչ վերաբերում է կոնկրետ նախագծերին, ապա պետք է հայտնեմ, թե ինչպիսի աշխատանք է սպասվում այդ ոլորտում։ Պլանավորվում է Հաքարիչայ ջրամբարի շինարարությունը, այն կլինի նոր ջրամբար։ Սուգովուշանի ջրամբարի և ջրանցքի վերանորոգում։ Ջրանցքի երկարությունը կազմում է 5,2 կիլոմետր։ Վերանորոգումից հետո Սուգովուշանից հնարավոր կլինի ջուր մատակարարել առավել ընդարձակ տարածքներ։ Խաչինչայի ջրամբարի և 7 կմ երկարությամբ ջրանցքի վերանորոգում։ Ասեմ նաև, որ Խաչինչայի ջրամբարը գտնվում է անմիջապես Ֆարուխ լեռան տակ՝ Ֆարուխ գյուղի մոտ, և հայերի մարտական դիրքերը սպառնում էին այդ ջրամբարի շահագործմանը, այսինքն վտանգի մեծ աղբյուր էին։ Այնտեղից և այլ գյուղերից մի քանի անգամ կրակ է բացվել Աղդամի ուղղությամբ։ Կարծում եմ, որ այսօր աշխարհում չկա մի մարդ, ով չիմանա Ֆարուխ լեռան մասին։ Ադրբեջանի ամենաբարձր լեռը՝ Ֆարուխ լեռը այս պահին մեր վերահսկողության տակ է, այնտեղ ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ Խաչինչայի անվտանգության և այդ ջրի օգտագործման համար մեծ նշանակություն ունի Ֆարուխ լեռը։ Այնուհետև նախատեսվում է վերանորոգել Աշաղը Քյոնդելենչայ, Քյոնդելենչայ-1 և Քյոնդելենչայ-2 ջրամբարները։ Նախատեսվում է վերակառուցում, ներառյալ ջրի աղբյուրների, Թերթերչայի ձախափնյա ջրանցքի, Աղդամի, Ֆիզուլիի և Ջաբրայիլի շրջանների ջրամատակարարման համալիրի բացահայտում, քանի որ խորհրդային տարիներին գոյություն ունեցող ջրի աղբյուրները որոշ պատճառներով կարող են պիտանի չլինել: Ուստի պլանավորվել են այս կոմլեքսային միջոցառումներ։ Այս տարի պետք է լուծվի Բարգուշադի ջրամբարի նախագծի նախապատրաստումը։ Վերջերս ներկայացված նոր առաջարկի հիման վրա նախատեսվում է նոր ջրամբար կառուցել Զանգիլանի, կամ Գուբադլիի շրջանում։ Այդ ջրանցքների կառուցմամբ հնարավոր կլինի մոտ ապագայում ջրով ապահովել 10 հազար հեկտար տարածք։ Կրկին անգամ ուզում եմ ասել, որ այս ամենը պետք է ինտեգրվի մեր ընդհանուր ջրային կառավարման համակարգի մեջ։

Ինչ վերաբերում է մյուս նախագծերին, պետք է նշեմ, որ այս տարի Աղալը գյուղի բնակիչները պետք է տեղավորվեն Աղալը գյուղում, կապրեն այնտեղ։ Այս տարի կկայանա Աղալը գյուղի բացումը։ Սա առաջին փորձնական ծրագիրն է։ Այս տարի կսկսվի Ֆիզուլիի շրջանի Դովլեթյարլը գյուղի ստեղծումը։ Այս նախագիծը միավորում է մի քանի գյուղեր։ Այս բնակավայրն ավելի մեծ կլինի, քան Աղալը գյուղը։ Նախագծեր են նախապատրաստվում ազատագրված այլ տարածքների գյուղերի վերակառուցման համար, քաղաքների հետ զուգահեռ կվերականգնենք նաև գյուղերը։

Այս տարի պետք է ավարտվի երեք գյուղի շինարարությունը՝ Աղդամի թիվ 1 դպրոցի, Ջաբրայիլ քաղաքի դպրոցի և, ինչպես արդեն նշել եմ, Շուշա քաղաքում դպրոցի շինարարությունը։ Երեք դպրոցներն էլ նախատեսված են 960 աշակերտական տեղի համար։ Կառուցվում է չորս հիվանդանոց։ Այս տարի շահագործման կհանձնվի Շուշա քաղաքի հիվանդանոցը, սկսվել են Աղդամում 210, իսկ Ֆիզուլիում 180 մահճակալանոց հիվանդանոցների շինարարությունը։ Իսկ Ջաբրայիլում մոտ ապագայում կդրվի հիվանդանոցի հիմքը։

Ես դրել եմ Աղդամի և Ջաբրայիլի շրջաններում երկու արդյունաբերական պարկերի հիմքը, իսկ վերջերս տնտեսության նախարարն ինձ զեկուցել է այնտեղ կատարվող աշխատանքների մասին։ Հետաքրքրությունը մեծ է, տեղական ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում, և ես վստահ եմ, որ մոտակա, միգուցե մեկ, երկու, երեք տարիների ընթացքում այդ պարկերի համար հատկացված հսկայական տարածքը կարող է չբավարարել։ Ուստի ես շատ ուրախ եմ, որ ադրբեջանցի գործարարները մեծ եռանդով և սրտանց ներգրավված են այս աշխատանքում։ Ես հասկանում եմ, որ, թերևս, սկզբնական փուլում սա մեծ տնտեսական օգուտ չի բերի։ Սակայն ես դա, ինչպես ասում են, ընկալում եմ որպես իրենց քաղաքացիական պարտքը, և ուրախ եմ, որ արձագանքեցին իմ կոչին։ Միաժամանակ, հաշվի առնելով ազատագրված շրջանների ներուժը, տրանսպորտային ուղիները, վստահ եմ, որ այստեղ ներդրված յուրաքանչյուր մանաթը օգուտ կբերի։

Այսպիսով, մենք կոմլեքսային միջոցներ ենք ձեռնարկում նախկին փախստականներին վերադարձնելու համար։ Բնակելի շենքեր, ենթակառուցվածք, աշխատատեղեր, գյուղտնտսությամբ զբաղվելու համար հնարավորություններ, արդյունաբերական պարկեր՝ մենք պլանաչափորեն կանցկացնենք այս աշխատանքները։ Սա այն աշխատանքների ցանկն է, որը պետք է անցկացվի ընթացիկ տարում, միայն ազատագրված հողերում, և վստահ եմ, որ բոլոր պլանները իրենց արտացոլումը կգտնեն կյանքում։ Մենք կհասնենք ցանկալիին։ Ադրբեջանական ժողովրդին առաջիկայում ևս պարբերաբար տեղեկատվություն կներկայացվի ազատագրված հողերում իրագործվող աշխատանքների մասին։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս