Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի Անվտանգության խորհրդին. «Ժամանակն է անցնել կոնկրետ քայլերի»
 Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ Հայաստանի Անվտանգության խորհրդին.  «Ժամանակն է անցնել կոնկրետ քայլերի»
10:20     30 03 2022    
«Հայաստանի Անվտանգության խորհրդի 2022 թվականի մարտի 28-ի հայտարարության հետ կապված ցանկանում ենք նշել, որ տարածաշրջանում լարվածության աճի անմիջական պատճառը Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարումն է։ Հենց Հայաստանի կողմից եռակողմ հայտարարության դրույթների խախտումն է մեծացնում լարվածությունը տարածաշրջանում և խաթարում խաղաղապահ ջանքերը»։

Zinvor.info-յի փոխանցմամբ, այս մասին ասվում է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Ինչ վերաբերում է զսպման միջազգային մեխանիզմների գործարկման հարցին, կցանկանայինք Հայաստանի ղեկավարության ուշադրությանը հասցնել, որ մարդկությունը դեռ չի գտել միջազգային զսպման ավելի լավ միջոց, քան միջազգային իրավունքը։ Հայաստանի նման պետությունը մի կողմից կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, մյուս կողմից՝ չի կարող խոսել միջազգային զսպման մեխանիզմի մասին։ Եթե Հայաստանի Անվտանգության խորհրդի անդամները դեռ չգիտեն, թե որն է միջազգային զսպման լավագույն միջոցը, ապա մենք ևս մեկ անգամ նրանց համար կրկնում ենք միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները՝ ներառյալ պետությունների ինքնիշխանության և միջազգային սահմանների հարգումը, պետությունների ներքին գործերին չմիջամտելը, նրանց միջազգային պարտավորությունների կատարումը:

Վերադառնալով երկու երկրների միջև համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու հարցին՝ ուզում ենք հիշեցնել, որ ադրբեջանական կողմն առաջին անգամ ամենաբարձր մակարդակով մեկ տարի առաջ հանդես եկավ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու առաջարկով, և մեկ ամիս առաջ հնչեցրեց կոնկրետ սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնվի Համաձայնագիրը։ Եթե հայկական կողմը խաղաղության պայմանագրի հարցը դիտարկում է լուրջ քայլ, այլ ոչ թե հերթական հանրային տեղեկատվական արշավ, ապա ժամանակն է անցնել կոնկրետ քայլերի։ Եվս մեկ անգամ ուզում ենք նշել, որ Ադրբեջանն իր հերթին պատրաստ է դրան»,- ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս