Ահաբեկչության մեջ մեղադրվող հայերը Բաքվի դատարանի կողմից դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման
Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Էլմինա Ռուստամովայի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում հայտարարվել է, որ Ի.Սարգսյանը դատապարտվել է 19, Վ.Ռաֆայելյանը՝ 18 տարվա ազատազրկման։
Մեղադրական եզրակացության համաձայն՝ 2021 թվականի մայիսի 27-ին, ժամը 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ հետախուզության հատուկ նշանակության ջոկատի զորամասի խմբի հրամանատար Իշխան Աշոտի Սարգսյանը և որպես ռազմական ինժեներ զինծառայություն անցնող Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանը, ապօրինի հատել է Ադրբեջանի պետական սահմանը Քելբեջարի շրջանի ուղղությամբ, որտեղ տեղակայված են եղել Ադրբեջանի ՊՆ ստորաբաժանումները, և ականապատման աշխատանքներ իրականացրել Յուխարը Այրըմ գյուղով անցնող ճանապարհներին։
Նշված անձինք ձերբակալվել են հանցագործության վայրում։ Նրանց մոտից հայտնաբերվել և առգրավվել է «ՏՄ 62-Մ» և «Ե-00-Մ» տիպի 23 ական։
Հայաստանի քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել ԱՀ ՔՕ 214.2.3 (ահաբեկչություն, որը կատարվել է հրազենի և որպես զենք օգտագործվող իրերի գործադրմամբ), 228 (ապօրինի կերպով զենք, դրա բաղադրամասեր, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելը, փոխանցելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր), 318 (ԱՀ պետական սահմանի ապօրինի հատում) և 282 (դիվերսիա) հոդվածներով: