Ադրբեջանի նախագահ. Շուշայի հռչակագիրը պատմական նշանակություն ունի
  Ադրբեջանի նախագահ.  Շուշայի հռչակագիրը պատմական նշանակություն ունի
12:32     25 02 2022    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով «Ազերթաջ»-ին։

«Ձեր իմաստուն և հեռատես ղեկավարության ներքո եղբայրական Թուրքիայի Հանրապետությունն այսօր ուժեղ և զորեղ պետություն է, որը կարևոր հաջողությունների է հասել բոլոր ոլորտներում և մեծ հեղինակություն է նվաճել միջազգային ասպարեզում։ Ձեր երկրի անցած համակողմանի զարգացման ուղին և ձեր վճռական առաջնորդության և բազմակողմ գործունեության շնորհիվ ձեռք բերված հաջողություններն անկեղծորեն ուրախացնում և ոգեշնչում են մեզ։

Դուք անփոխարինելի դեր ունեք ադրբեջանա-թուրքական հարաբերությունները ներկայիս ամենաբարձր մակարդակի հասցնելու գործում, որի աղբյուրը մեր ժողովուրդների անսասան կամքն է և որը հիմնված է «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի վրա։ Մեր միասնության և դաշինքի ամրապնդմանն ուղղված Ձեր մշտական ջանքերը, Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնման և օկուպացիայից մեր հողերի ազատագրմանն ուղղված Ձեր անսասան աջակցությունը մեր երկրում արժանացել են խորին հարգանքի և ակնածանքի։

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել պատմական նշանակություն ունեցող Շուշայի հռչակագրի վավերացման կապակցությամբ։ Այս փաստաթուղթը նոր էջ է բացում ադրբեջանա-թուրքական ռազմավարական դաշնակցային հարաբերություններում, նպաստում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը։ Մենք մտադիր ենք այսուհետ էլ ընդլայնել և դիվերսիֆիկացնել եղբայրական Թուրքիայի հետ մեր համագործակցությունն ու բեղմնավոր գործունեությունը, որոնք օրեցօր հարստանում են նոր բովանդակությամբ»,- ասված է նամակում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Թուրքիա