Նախագահ Ալիևը՝ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարևորության մասին
 Նախագահ Ալիևը՝ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների կարևորության մասին
17:31     22 02 2022    
Այսօր Մոսկվայում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի միջև։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությանը, հանդիպման բաց հատվածում նախագահ Իլհամ Ալիևն ասել է.

«Մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև ձևավորված բարեկամական, բարիդրացիական հարաբերությունները, մենք ամրապնդում ենք դրանք։ Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը շատ լավ ցույց է տալիս, թե որքան ակտիվ ենք մենք աշխատում վերջին տարիներին և զարգացնում փոխադարձ համագործակցության ներուժը: Սրանք լոկ խոսքեր չէին, ոչ միայն մտադրություններ, այլ նաև կոնկրետ գործեր։

Հռչակագիրը բավականին ծավալուն է՝ պարունակում է ավելի քան 40 կետ։ Այն ընդգրկում է մեր փոխգործակցության կարևորագույն ոլորտները և, ինչպես ասացի, կարևորագույն նշանակություն կունենա մեր երկկողմ հարաբերությունների ապագայի համար։ Ընդհանուր առմամբ, մեր երկրների միջև քաղաքական հարաբերությունները վերջին տարիներին շատ դրական են զարգացել, և այժմ դրանք բարձրանում են ամենաբարձր մակարդակի։

Կցանկանայի նաև կիսել Ձեր կարծիքը առևտրատնտեսական կապերի լավ դինամիկայի վերաբերյալ։ Մեր ապրանքաշրջանառությունն արդեն գերազանցել է երեք միլիարդ դոլարը, ինչպես Դուք նշեցիք, աճը կազմում է 16 տոկոս։ Մենք շատ կոնկրետ նախագծեր ենք իրականացնում, իհարկե, այսօր կխոսենք նաև այդ մասին։

Եվ իհարկե, այսօր մենք կխոսենք, ինչպես Դուք նշեցիք, մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի, հետկոնֆլիկտային իրավիճակի մասին։ Ռուսաստանի Դաշնությունը շատ կարևոր դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմի դադարեցման և հակամարտության կարգավորումը թեժ փուլից քաղաքական և դիվանագիտական հարթություն տեղափոխելու գործում։ 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ հայտարարությունը, հենց Ձեր ակտիվ անձնական մասնակցությունը թույլ տվեց մեզ լուծել այս բազմամյա հակամարտությունը։

Այսօր նոր իրավիճակ է, այսօր տարածաշրջանում առկա աշխարհաքաղաքական իրողությունները ընդունվում են համաշխարհային հանրության կողմից։ Ռուսաստանը նաև շատ կարևոր, ես կասեի առաջատար դեր է խաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման, նորմալ բարիդրացիական հարաբերությունների հաստատման գործում։ Մենք մեծապես գնահատում ենք այս դերը և հուսով ենք, որ հայկական կողմը, ինչպես մենք մեր կողմից, կկատարենք 2020 թվականի նոյեմբերին ստորագրված հայտարարության բոլոր կետերը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Նախագահ   Ադրբեջան