Ալիևն ու Պուտինը ստորագրել են Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը
 Ալիևն ու Պուտինը ստորագրել են Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը
11:32     23 02 2022    
Ավարտվել են Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի բանակցությունները, որոնք տևել են մոտ հինգ ժամ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, բանակցությունների արդյունքներով Ալիևն ու Պուտինը Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային փոխգործակցության հռչակագիր են ստորագրել։

Հանդիպումից հետո նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ նոր հռչակագիրը Ռուսաստանի հետ հարաբերությունները բարձրացնում է դաշնակցային մակարդակի։ «Սա և՛ մեծ արտոնություն է, և՛ մեծ պատասխանատվություն», ասել է Իլհամ Ալիևը։

Ալիևը նշել է, որ հռչակագրի շուրջ գործնական աշխատանքը սկսվել է մեկ տարի առաջ:

«Մենք մանրամասն քննարկել ենք տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակը։ Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը կկատարի 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ համաձայնագրերը, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքից հայկական բոլոր զինված ուժերի դուրսբերումը»,- ընդգծել է Իլհամ Ալիևը։

Հռչակագրի համաձայն՝ «անվտանգության ապահովման, խաղաղության և կայունության պահպանման նպատակով Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ ՄԱԿ-ի Կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա և հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի միջազգային իրավական պարտավորությունները»:

Ադրբեջանի նախագահը նաև հիշատակել է Հռչակագրի առաջին կետը, ըստ որի՝ երկու երկրների հարաբերությունները հիմնված են սահմանների անձեռնմխելիության, միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի սկզբունքի վրա։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Պուտին   Հռչակագիր