Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը այն մասին, թե «Ադրբեջանը խոչընդոտներ է ստեղծում Ղարաբաղում միջազգային կազմակերպությունների գործունեության համար»:
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի տարածքում միջազգային կազմակերպությունների գործունեությանը, ապա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1991 թվականի դեկտեմբերի 19-ի բանաձևի համաձայն՝ կապված մարդասիրական օգնության համակարգման հետ, նման գործունեությունը պետք է իրականացվի՝ պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականությանը հարգանքի հիման վրա: Հենց այս սկզբունքով էլ իրականացվում է միջազգային կազմակերպությունների գործունեությունը Ադրբեջանի Հանրապետության տարածքում։
Հայաստանի արտաքին գործերի նախարարի ուշադրությանն ենք հասցնում, որ ցանկացած միջազգային կազմակերպության գործունեությունը մեր երկրի ինքնիշխան հողերում հանդիսանում է՝ համապատասխան միջազգային կազմակերպության և Ադրբեջանի երկկողմանի խնդիրը։ Երրորդ պետության ներկայացուցչի մեկնաբանությունները այս առնչությամբ տեղին չեն և անհիմն են։ Լավ կլիներ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը մեկնաբաներ երկրի ստանձնած պարտավորությունների կատարման և տարածաշրջանում խաղաղության հաստատման հետ կապված հարցերը»,- ընդգծել է Լ.Աբդուլլաևան։