Իլհամ Ալիեւը շնորհավորել է Ջոզեֆ Բայդենին
 Իլհամ Ալիեւը շնորհավորել է Ջոզեֆ Բայդենին
01:29     10 11 2020    
Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորել է Ջոզեֆ Բայդենին Ամերիկայի Միացյալ Նահանգների նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Zinvor.info-ն հայտնում է, որ շնորհավորանքի մեջ ասվում է.

«Հարգելի պարոն Բայդեն:

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Ադրբեջանի Հանրապետությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները հաջող համագործակցություն են հաստատել քաղաքական, անվտանգության, էներգետիկայի, տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների և այլ ոլորտներում: Մեր երկրները համագործակցում են միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման, ահաբեկչության և անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի Վճռական աջակցության առաքելության շրջանակներում:

Մենք հավատում ենք, որ ձեր նախագահության ընթացքում Ադրբեջանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև բարեկամության և համագործակցության կապերն ավելի կամրապնդվեն:

Մոտ 30 տարի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանը և հարակից յոթ շրջանները գրաված Հայաստանը սույն թվականի սեպտեմբերի 27-ից հերթական ռազմական ագրեսիան է սկսել մեր երկրի դեմ՝ խոշոր տրամաչափի զենքով կրակելով ադրբեջանական բանակի դիրքերի, խաղաղ բնակիչների և օբյեկտների վրա:

Հայաստանի կողմից Ադրբեջանի քաղաքացիական բնակչության դիտավորյալ և նպատակային կրակոցների արդյունքում զոհվեց 93 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեծ թվով անչափահասներ, վիրավորվեց ավելի քան 400-ը, ոչնչացվեցին քաղաքացիական օբյեկտներ:

Հազարավոր մարդիկ այլ երկրներից բերվել են Հայաստան և զինվորագրվել որպես վարձկան այս երկրի զինված ուժեր: Հայաստանը թիրախավորել է Միացյալ Նահանգների մասնակցությամբ ստեղծված էներգետիկ և տրանսպորտային կարևոր տարածաշրջանային ենթակառուցվածքները:

Ադրբեջանն ակնկալում է, որ ԱՄՆ-ը և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները կուժեղացնեն իրենց ջանքերը` հակամարտության արդարացի լուծում գտնելու համար: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան, Հայաստանը պետք է հստակ ժամանակացույց ներկայացնի Ադրբեջանի բոլոր գրավյալ տարածքներից իր զինված ուժերը դուրս բերելու համար: Ադրբեջանը բազմիցս հայտարարել է հակամարտության կարգավորման հարցի բովանդակային բանակցությունների պատրաստակամության մասին:

Մինչ այժմ ազատագրված և դեռ գրավված Ադրբեջանի տարածքներում քաղաքացիական ենթակառուցվածքներն ամբողջությամբ ոչնչացվել են Հայաստանի կողմից: Մենք այս տարածքներում լայնամասշտաբ շինարարական աշխատանքներ ենք իրականացնելու, վերականգնելու ենք բոլոր պատմական, կրոնական և մշակութային հուշարձանները:

Ադրբեջանը պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական և հայկական համայնքների գոյակցությունը խաղաղության, անվտանգության և փոխադարձ հարգանքի հիման վրա: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն և հաջողություններ հետագա գործունեության մեջ` ի շահ բարեկամ Ամերիկայի ժողովրդի»:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիեւ   Ջոզեֆ-Բայդենին  


Լրահոս