Ըստ
Zinvor.info-յի՝ պետության ղեկավարը շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին տոների կապակցությամբ։
«Այս տարի մենք մեծ հպարտությամբ նշեցինք մեր փառահեղ Հաղթանակի հինգերորդ տարեդարձը։ Հինգ տարի առաջ Հայրենական պատերազմում մեր տարած պատմական Հաղթանակը մեզ հետ կմնա հավերժ։ Ադրբեջանական ժողովուրդը հավերժ կհպարտանա այս Հաղթանակով։ Մենք վերջ դրեցինք երեսնամյա հայկական օկուպացիային, վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ազգային արժանապատվությունը։
Հայրենական պատերազմում մեր հաղթանակից հետո մենք անխոնջ աշխատել ենք այն միջազգային և քաղաքական մակարդակով ամրապնդելու և վերահաստատելու համար։ Եվ մենք հասել ենք դրան։ Ամբողջ աշխարհը ճանաչում է մեր Հաղթանակը և հստակ տեսնում է, որ մենք ճիշտ ենք։ Մինսկի խումբը, որը հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու մանդատ էր ստացել, ուղարկվեց պատմության արխիվ։ Այսպիսով, ղարաբաղյան հակամարտությունն ամբողջությամբ հանվել է միջազգային օրակարգից։ Որպես հաղթանակած երկիր՝ մենք խաղաղության ձեռք մեկնեցինք պարտված Հայաստանին, ինչը նաև մեր հեռատես քաղաքականության դրսևորումն է։ Մենք մտադիր չենք հավերժ պատերազմել։ Մենք չենք հավակնում այլ երկրների հողերին։ Մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար զենք օգտագործելով՝, մենք ապահովեցինք մեր ինքնիշխան իրավունքները ՄԱԿ-ի կանոնադրության շրջանակներում՝ հիմնվելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա։
Այսօր ամբողջ երկրում ընթանում է լայնածավալ ստեղծագործական աշխատանք, և զարգացում է նկատվում բոլոր մարզերում։ Մենք զգալիորեն ամրապնդել ենք մեր միջազգային դիրքերը։ Այսօր ամբողջ աշխարհում մեծ հարգանքով են վերաբերվում Ադրբեջանին։ Պատահական չէ, որ առաջատար միջազգային գործիչները տարբեր առաջարկներ են ներկայացնում Ադրբեջանի հետ համագործակցության համար։ Մեր արտաքին քաղաքականությունը բազմավեկտոր է, և այն հաջողությամբ իրականացվում է բազմաթիվ ոլորտներում։
Այսօր նաև Համայն աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրն է։ Այս առիթով ես կցանկանայի իմ սրտանց շնորհավորանքները հղել աշխարհի բոլոր ադրբեջանցիներին։ Նրանք պետք է իմանան, և գիտեն, որ իրենց թիկունքում կանգնած է ուժեղ ադրբեջանական պետությունը։ 2025 թվականի որոշ իրադարձություններ ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ յուրաքանչյուր ադրբեջանցու ճակատագիրը, անկախ նրա բնակության երկրից, արժեքավոր և կարևոր է մեզ համար։ Մեզ՝ ադրբեջանցիներիս, միավորում են մեր ընդհանուր պատմությունը, մեր լեզուն, մեր արմատները, մեր մշակույթը։ Ադրբեջանցիները, անկախ նրանից, թե որ երկրում են ապրում, գիտեն և պետք է իմանան, որ իրենց հայրենիքը անկախ Ադրբեջան պետությունն է»։