Վարդանյանի գործով դատավարության ժամանակ պատմել են՝ Լաչինում շտապօգնության մեքենայի գնդակոծության մասին
 Վարդանյանի գործով դատավարության ժամանակ պատմել են՝ Լաչինում շտապօգնության մեքենայի գնդակոծության մասին
09:25     08 10 2025    
Հոկտեմբերի 7-ին շարունակվել է Ադրբեջանի քրեական օրենսգրքով նախատեսված՝ խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, պատերազմական հանցագործությունների, ահաբեկչության և ահաբեկչության ֆինանսավորման և այլնի մեջ մեղադրվող Հայաստանի քաղաքացի Ռուբեն Վարդանյանի քրեական գործով դատավարությունը։

Zinvor.info-յի փոխանցմամբ՝ Բաքվի ռազմական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ և դատավորներ Անար Ռզաևի ու Ջամալ Ռամազանովի (պահեստային դատավոր Գյունել Սամեդովա) կազմով անցկացված բաց նիստում մեղադրյալին տրամադրվել է իր տիրապետած լեզվով՝ ռուսերենով թարգմանիչ և իր ընտրած փաստաբանան։

Դատավարության ընթացքում լսվել են տուժածների և նրանց իրավահաջորդների ցուցմունքները։

Տուժածի իրավահաջորդ Շահրիյար Մամեդովը իր ցուցմունքում հայտարարել է, որ նրա եղբայրը սպանվել է Քելբեջարում՝ թշնամու գնդակոծության արդյունքում։

Տուժող Մուզաֆֆար Ջաֆարովը պատմել է, որ վիրավորվել է Լաչինում՝ վիրավորներին շտապօգնության մեքենայով տարհանելիս։ Նա հավելել է, որ մեքենայի վրա եղել է շտապօգնության ցուցանակ, բայց, այնուամենայնիվ, հայերը կրակի են ենթարկել այն։

Ռուսլան Մամեդլին հայտնել է, որ Աղդերեի ուղղությամբ հակառակորդի կրակակոծության հետևանքով ստացել է բազմաթիվ վիրավորվածություններ և մինչ այժմ առողջական խնդիրներ ունի։ Տուժածը հավելել է, որ միջադեպի ժամանակ ադրբեջանական կողմից եղել են նաև այլ վիրավորներ և զոհեր։

Ռավան Ռզաևը և Ջամալեդդին Նասիրովը հայտնել են, որ վիրավորվել են Խոջալուի շրջանի Շուշաքենդ գյուղում հակառակորդի գնդակոծության արդյունքում։ Ռ. Ռզաևը հայտարարել է, որ այն ժամանակ զոհվել է նաև քանի մարդ, ևս մի քանիսը՝ վիրավորվել։

Դատարանում ցուցմունք են տվել նաև այլ տուժողներ, որից հետո ընթերցվել են դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։

Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 14-ին։
Zinvor.info

Հեշթեգներ. Վարդանյան   Դատարան  


Լրահոս