Տուժած Ալմամեդովը՝ Բաքվի դատարանում. Մադաթ Բաբայանի խմբի անդամները և անձամբ նա խոշտանգել են ինձ
  Տուժած Ալմամեդովը՝ Բաքվի դատարանում. Մադաթ Բաբայանի խմբի անդամները և անձամբ նա խոշտանգել են ինձ
17:43     18 04 2025    
Բաքվի զինվորական դատարանում այսօրվա դատավարության ժամանակ ցուցմունք է տվել տուժող Յաշար Ալմամեդովը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, նա ասել է, որ ծնվել է 1956 թվականին Խոջալու քաղաքում և այնտեղ ապրել է ընտանիքի հետ։ Տուժողը հայտնել է, որ 1992 թվականի փետրվարի 25-ին հայկական բանակը հարձակում է սկսել Խոջալուի ուղղությամբ՝ գնդակոծելով բնակչությանը, ինչի հետևանքով մեծ թվով խաղաղ բնակիչներ են զոհվել։ Յաշար Ալմամեդովի խոսքով՝ նա գերի է ընկել փետրվարի 27-ին։

Տուժողը նշել է, որ մեղադրյալներից ճանաչել է Մադաթ Բաբայանին, Բակո Սահակյանին և Արկադի Ղուկասյանին. «Մադաթ Բաբայանի խմբի անդամները և անձամբ ինքը խոշտանգել են ինձ: Երբ ես գերության մեջ էի, Մադաթը մոտեցավ ինձ, ասաց՝ դու թուրք ես, ոտքով հարվածեց ինձ և վիրավորեց»։

1992 թվականի մարտի 2-ին Ալմամեդովը վիրավոր վիճակում վերադարձվել է ադրբեջանական կողմին։

Նշենք, որ Բաքվում շարունակվում է Հայաստանի մի խումբ քաղաքացիների դատավարությունը, որոնք մեղադրվում են խաղաղության և մարդկության դեմ հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, ներառյալ ագրեսիվ պատերազմ վարելու, ցեղասպանության, ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության ապօրինի զավթման և Ադրբեջանի դեմ ուղղված այլ անօրինական գործողությունների մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ալմամեդով   Բաբայան  


Լրահոս