Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության և Ներքին գործերի նախարարության աշխատակիցները՝ համատեղ համապարփակ միջոցներ են ձեռնարկել՝բացահայտելու և կանխելու՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ կապված արմատական կրոնական ծայրահեղական խմբավորումների անդամների ահաբեկչական գործողությունները։
Ինչպես Zinvor.info-յին հայտնել են Պետական անվտանգության ծառայությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գուսարի շրջանի բնակիչներ՝ Քյամրան Քերիմխանովը, Ումուդ Գյուլալիևը, Վալերիկ Ադիլովը, Ռիյադ Սաֆարալիևը, Ռովշան Լաչինովը, Նազիմ Զաքիևը և մյուսները, հանցավոր դավադրության մեջ մտնելով Գադիր Հաջիևի հետ, որը նախկինում դատապարտվել էր՝ «Անտառային եղբայրներ» ահաբեկչական խմբավորմանը մասնակցելու համար, համատեղ ահաբեկչական ակտեր են ծրագրել Գուսարի շրջանում։
Իրենց ծրագրերն իրականացնելու համար, վերոնշյալ անձինք Գուսարի շրջանի Խիլ, Ջիբիր և Յասաբ գյուղերի անտառային տարածքում ստորգետնյա կացարաններ են ստեղծել և այնտեղ հավաքել զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, տեխնիկական սարքեր։ Խմբի անդամ Ալիփաշա Քյամիլովին հետաքննությանը ներգրավելու համար՝ պարզվել է նրա գտնվելու վայրը։ Սակայն նա զինված դիմադրություն է ցույց տվել՝ Գուսար քաղաքի նրա թաքնված հասցեով ժամանած հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներին՝ նետելով երկու RGO-78 ձեռքի նռնակ, ինչի արդյունքում վիրավորվել է հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներից մեկը։ Հատուկ գործողության արդյունքում Ալիփաշա Քյամիլովը վնասազերծվել է։
Ջիբիր գյուղի մերձակայքում գտնվող անտառային տարածքում օպերատիվ հետախուզման և քննչական միջոցառումների ընթացքում՝ հայտնաբերվել են թաքստոցներ, որոնցում թաքնված են եղել անօրինական զինված խմբի անդամներ՝ Գադիր Հաջիևը, Ռիյադ Սաֆարալիևը, Վալերիկ Ադիլովը և Ումուդ Գյուլալիևը։ Նրանք նույնպես զինված դիմադրություն են ցույց տվել՝ կիրառելով պայթուցիկ սարքեր և ոչնչացվել են։
Ապաստարանների զննության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել են՝ տորֆ, ացետոն, դետոնատորներ, հեռակառավարվող պայթուցիկ մեխանիզմներ, կապարի և արմատուրայի մասեր, 2 «Կալաշնիկով» ինքնաձիգ, 3 որսորդական հրացան, պարկուճ և փամփուշտ, ինչպես նաև միջազգային մակարդակով ճանաչված ահաբեկչական զինված խմբավորման խորհրդանիշը հանդիսացող դրոշ։
Ձեռնարկված անհապաղ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ ահաբեկչական խմբավորման անդամ Նազիմ Զաքիևը թաքնվում է Խիլ գյուղի մոտ գտնվող ֆերմայում, իսկ Քյամրան Քարիմխանովը և Ռովշան Լաչինովը՝ Խիլ գյուղի տարածքում։ Նրանք վնասազերծվել են իրավապահ մարմինների աշխատակիցներին դիմադրություն ցույց տալու ժամանակ։
Քննությամբ պարզվել են՝ հանցավոր համայնքում ընդգրկված անձանց հետ կապված շրջանակի, նրանց կազմակերպչական ձևի, հագեցվածության և պլանների հետ կապված մանրամասներ և ապացույցներ։
Էթիբար Ահմեդովը, ով ապօրինի ձեռք է բերել ամոնիումի նիտրատ, ուժեղ դյուրավառ հատկություն ունեցող տորֆ, պայթուցիչներ և ապահովիչ լար, դրանցից ինքնաշեն մեթոդներով պայթուցիկ սարքեր է պատրաստել, որոնք թաքցրել է Գուսարում գտնվող «Մոթել» հյուրատանը և մոտակա մեքենաների լվացման կայանի տանիքիում և այդ գործողությունները կատարելիս ստացել է վնասվածքներ՝ այդ սարքերի պայթեցման հետևանքով։
Բացի այդ, հիմնավոր կասկածներ են հաստատվել, որ Շարաֆեդդին Մահմուդովը, Էթիբար Ահմեդովը և մյուսները, ովքեր Գուսարի շրջանի բնակիչներ են, ներգրավված են՝ Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությամբ չնախատեսված զինված կազմավորման գործունեության, այդ թվում՝ այս զինված խմբին պայթուցիկ և այլ նյութեր մատակարարելու մեջ։