Ալիևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին
  Ալիևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին
11:54     21 12 2024    
Նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին Ադրբեջանի՝ «Իսլամական ութնյակի» (D-8) անդամ ընտրվելու հարցում ցուցաբերած աջակցության համար։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ Ադրբեջանի պետության ղեկավարի մամուլի ծառայությանը հղումով։

«Խորին շնորհակալություն եմ հայտնում եղբայրական Թուրքիայի Հանրապետությանը և անձամբ Ձեզ՝ 2024 թվականի դեկտեմբերի 19-ին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված՝ ութ զարգացող երկրների Տնտեսական համագործակցության կազմակերպության 11-րդ գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանի Հանրապետության միաձայն՝ որպես D-8 կազմակերպության անդամ ընտրվելու համար։ Շնորհակալ եմ Ձեզ այն խոսքերի համար, որ մեր երկրի ընդունումը D-8-ին կծառայի կազմակերպության հզորացմանը»,- ասված է Ադրբեջանի նախագահի ուղերձում։

Ի.Ալիևը նշել է, որ 28 տարի առաջ Թուրքիայի նախաձեռնությամբ և ղեկավարությամբ ստեղծված այս կազմակերպությունը արդյունավետ գործունեություն է ծավալում, որն ուղղված է համաշխարհային տնտեսության մեջ զարգացող երկրների դերի բարձրացմանը, առևտրատնտեսական կապերի դիվերսիֆիկացմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը, միջազգային մակարդակով նրանց դիրքերի ամրապնդմանը։

«D-8 կազմակերպության ընդլայնման մասին Կահիրեում առաջին անգամ պատմական որոշման ընդունումը հանդիսանում է՝ Ադրբեջանի նկատմամբ միջազգային վստահության ցուցիչ, ինչպես նաև մեզ համար առանձնահատուկ հպարտության աղբյուր։ Ադրբեջանի թեկնածությանը արտահայտված միանշանակ աջակցությունը՝ կազմակերպության անդամ բոլոր երկրների հետ մեր ամուր բարեկամության և համագործակցության, միասնության և համերաշխության դրսևորումն է։

Վստահ եմ, որ Ադրբեջանը, անդամ բոլոր երկրների հետ միասին, կնպաստի համատեղ ջանքերի մոբիլիզացմանը՝ D-8-ի հիմնարար սկզբունքները պաշտպանելու, կազմակերպության շրջանակներում համագործակցության խորացմանը և մեր ընդհանուր շահերը խթանելու, իսլամական համերաշխության ամրապնդմանը և այն ավելի մեծ ուժի վերածելու համար», - ասել է պետության ղեկավարը։

Ի.Ալիևը հայտարարել է, որ այսօր մեր ժողովուրդների կամքով թելադրված ադրբեջանա-թուրքական հարաբերությունները, որոնք սերտորեն կապված են միմյանց հետ խորը պատմական արմատներով և ընդհանուր ազգային ու հոգևոր արժեքներով, հասել են ամենաբարձր մակարդակի։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Էրդողան  


Լրահոս