Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին լրագրողներին ասել է՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով, խաղաղության համաձայնագրի ստորագրման համար պետք է հանրաքվեի միջոցով փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ, և հայ ժողովուրդը պետք է արտահայտի իր դիրքորոշումը. «Հայ ժողովուրդը պետք է դադարեցնի Ղարաբաղը Հայաստանին միացնելու իր ուտոպիստական հավակնությունները և սահմանադրորեն ամրապնդի Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու իր ցանկությունը»։
Հաջիևը նշել է, որ դրանից հետո բանակցային գործընթացը կարող է ավելի արագ ընթանալ. «Հայաստանը վերջերս խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ վերջին առաջարկները ուղարկել է ադրբեջանական կողմին՝ դրանք ստանալուց ավելի քան 70 օր անց։ Սա շատ երկար ժամանակ է։ Եթե Հայաստանը լրջորեն է վերաբերվում խաղաղության պայմանագրի առաջմղմանը և շահագրգռված է այս հարցով, ապա 70 օրվա ընթացքում պատասխան ուղարկելն ինքնին հարցեր է առաջացնում»։
Նա ընդգծել է, որ կողմերը որոշակի պայմանավորվածություններ ունեն խաղաղության համաձայնագրի հոդվածների մեծ մասի վերաբերյալ, սակայն դեռ զգալի աշխատանք կա անելու։ «Սա առաջին հերթին վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը վերաբերող հարցերին։ Նրանում պետք է դադարեցվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Մեր երկրի նկատմամբ տարածքային պահանջների առկայությունը մեզ անհանգստացնող հարց է։ Խաղաղության պայմանագրերը սովորաբար կնքվում են ոչ միայն որևէ կառավարության, այլև ժողովրդի հետ։ Մեր ակնկալիքն այն է, որ այն փոփոխությունները, որոնք պետք է արվեն Հայաստանի Սահմանադրության մեջ՝ խաղաղ համաձայնագրի հասնելու համար, կիրականացվեն հանրաքվեի միջոցով»։
Zinvor.info