Հիքմեթ Հաջիևը մի շարք հանդիպումներ է անցկացրել ՆԱՏՕ-ում
 Հիքմեթ Հաջիևը մի շարք հանդիպումներ է անցկացրել ՆԱՏՕ-ում
18:05     13 06 2024    
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հունիսի 12-13-ը գտնվում էր Բելգիայում։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչությանը։ Այցի շրջանակներում Հիքմեթ Հաջիևը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է դաշնակից երկրների մասնակցությամբ քաղաքական երկխոսությանը «ՆԱՏՕ + Ադրբեջան» ձևաչափով։

Հանդիպման ընթացքում Հիքմեթ Հաջիևը և դաշնակիցները քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ գործընկերության ներկա վիճակը և ապագա հեռանկարները, Ադրբեջանի կարևոր դերը տարածաշրջանային տրանսպորտային կապերում և Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, COP29-ի նախապատրաստման գործընթացը, Ադրբեջանի կլիմայական և կանաչ օրակարգը, ինչպես նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության ծրագրի խթանման գործընթացը։

Դաշնակիցները աջակցություն են հայտնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, բարձր են գնահատել Դաշինքի հետ Ադրբեջանի գործընկերությունը՝ որպես ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր, ինչպես նաև նրա ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններին և գործողություններին, Ուկրաինային տրամադրվող մարդասիրական աջակցությունը:

Այցի ընթացքում Հիքմեթ Հաջիևը հանդիպել է նաև գլխավոր քարտուղարի նորարարության, հիբրիդային և կիբերանվտանգության հարցերով տեղակալ Ջեյմս Ապատուրայի, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային և ՆԱՏՕ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցիչ Զեքի Լևենթ Գյումրուկչուին։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. ՆԱՏՕ   Հիքմեթ-Հաջիև  


Լրահոս