Ադրբեջանցի դիվանագետը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
 Ադրբեջանցի դիվանագետը ելույթ է ունեցել ՄԱԿ-ում
14:00     14 03 2024    
Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը, որից հետո մի շարք տերությունները սեփական շահերն առաջ տանելու համար ակտիվացրել են իրենց ջանքերը տարածաշրջանում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Ադրբեջանի մշտական ներկայացուցչի տեղակալ Թոֆիգ Մուսաևը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ելույթ ունենալով՝ «Հակամարտությունների կանխարգելմանը նպաստում՝ կանանց և երիտասարդների դերի ամրապնդում» թեմայով բաց բանավեճում։

Մուսաևը նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար Հայաստանը պետք է սկսի խստորեն կատարել իր միջազգային պարտավորությունները, հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից և ապատեղեկատվության տարածումից։ Երեւանը պետք է նաեւ վերացնի ռազմական ագրեսիայի եւ օկուպացիայի հետեւանքով Ադրբեջանին հասցված վնասը, և պատասխանատվությամբ մասնակցի միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացին,- ասել է նա։

Դիվանագետը հիշեցրել է, որ միջազգային հանրությունը չկարողացավ անցյալ դարի 90-ականներին կանխել Հայաստանի ագրեսիան Ադրբեջանի դեմ և, որպես հետևանք՝ ադրբեջանական տարածքների օկուպացիան։ 1993 թվականին միաձայն ընդունված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 822, 853, 874 և 884 բանաձևերը 27 տարվա ընթացքում չիրականացվեցին, ընդգծել է Մուսաևը։

«Ադրբեջանն ազատագրեց իր հողերը օկուպացիայից, վերականգնեց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, վերացրեց բռնի անջատողականության վտանգը։ Այժմ հարյուր հազարավոր հարկադիր վերաբնակների իրավունքների կոպիտ խախտումների վրա աչք փակող որոշ պետությունները ակտիվացրել են ջանքերը՝ տարածաշրջանում իրենց նենգ շահերն առաջ տանելու համար»,- ասել է նա:

Մուսաևն ընդգծել է, որ Ադրբեջանը հատուկ նշանակություն է տալիս տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը, ինչպես նաև այս գործընթացում կանանց և երիտասարդների լիարժեք, հավասար և բովանդակալից մասնակցությանը. «Մենք հպարտանում ենք՝ ՄԱԿ-ի խաղաղապահ գործունեության մեջ, և հետկոնֆլիկտյան ժամանակաշրջանում ականազերծման և զարգացման գործընթացներին ադրբեջանցի կանանց ներդրած ավանդով»:

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՄԱԿ  


Լրահոս