Քաղաքագետ Արզումանյան. Հայաստանը պետք է հրաժեշտ տա Ռուսաստանին
  Քաղաքագետ Արզումանյան.  Հայաստանը պետք է հրաժեշտ տա Ռուսաստանին
12:41     28 11 2023    
«Հայաստանի կողմից ես կուզեի տեսնել գործնական քայլեր, հայտարարությունների մակարդակով կարող են հնչել տարաբնույթ բաներ, բայց երբ դրանց չեն հետևում գործնական քայլեր, իրավիճակը բոլորովին այլ է դառնում: Հիմա պահն է նման հայտարարություններ չանել, «տեղեկատվական աղմուկ չբարձրացնել», այլ պատրաստվել դիվանագիտական, քաղաքական ոլորտներում ու անել քայլ՝ դուրս գալ այդ կազմակերպություններից»:

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, այս մասին հայկական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանը:

«Պետք չէ այլևս խոսել դրա մասին, որովհետև ամեն ինչ առանց այդ էլ հարթ չէ՝ կապված ուկրաինական պատերազմի ու Մերձավոր Արևելքում տեղի ունեցողի հետ, ու պետք չէ զայրացնել «վիրավոր արջին»: Ուղղակի պետք է պատրաստվել ու հրաժեշտ տալ: Դեկլարատիվ հայտարարությունների ժամանակն ավարտվել է, մենք հասցրել ենք Ռուսաստանին, ՀԱՊԿ-ի բոլոր երկրներին, որ իրենց արձագանքից դժգոհ ենք, նրանք այդ մասին արդեն գիտեն, հիմա իմաստ չունի այդ ամենը նորից ասելը: Եթե կողմնորոշվել ես, որոշումն ընդունել ես՝ գնա առաջ:

Ճիշտ կլինի, որ Հայաստանը մտածված մասնակցի այդ աշխատանքներին ու Արևմուտքի հետ համաձայնեցնի իր քայլերը ու հասարակությանը ևս այդ մասին տեղեկացնի, որ իրենք ևս կատարել են իրենց ընտրությունը:

Ես մինչև հիմա դեռ համոզված չեմ, որ Հայաստանի իշխանությունները վաղը չեն փոխի իրենց դիրքորոշումը, որովհետև գնացին Բրյուսել, Գրանադա, ինչ-որ բաներ ստորագրեցին, բայց հետո եկան ու հանրությանը հայտարարեցին, որ արտաքին քաղաքականության ոչ մի վեկտոր չեն փոխում: Բայց ես տեսնում եմ, որ վեկտորը փոխում է, ու փոխում է Արևմուտքը, դրա համար էլ ես կուզեի, որ Հայաստանի իշխանությունները ավելի հստակ քաղաքականություն վարեն ներքաղաքական կյանքում», - ընդգծել է Արզումանյանը:
Zinvor.info

Հեշթեգներ. Հայաստան   Ռուսաստան  


Լրահոս