Զաքիր Հասանով. Ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով
  Զաքիր Հասանով.  Ոչ ոք իրավունք չունի Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների լեզվով
12:56     01 04 2023    
Ապրիլի 1-ին պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։

Ինչպես Zinvor.info-յին հայտնել են ՊՆ մամուլի ծառայությունից, խորհրդակցությանը մասնակցել են փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, գերատեսչության գլխավոր վարչությունների, վարչությունների ու ծառայությունների ղեկավարները։ Խորհրդակցության աշխատանքներին տեսակապի միջոցով ներգրավվել են զորամիավորումների և զորամասերի հրամանատարները։

Նախարարը հանդիպման մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել ԱՀ նախագահ Իլհամ Ալիևի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները, և Գերագույն գլխավոր հրամանատարի անունից շնորհակալություն է հայտնել վերջին գործողությունների նախագծման և իրականացման մեջ ներգրավված անձնակազմին, հատկապես կոմանդոսներին՝ իրենց պրոֆեսիոնալիզմի համար։ Ընդգծվել է, որ ամենակարճ ժամկետներում իրականացված լոկալ գործողությունները ադրբեջանական բանակի մարտունակության ևս մեկ վկայություն են։

Մեկնաբանելով ադրբեջանական բանակի հաջող գործողությունների հետ չհամակերպվողների հայտարարությունները՝ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի մեզ հետ խոսել սպառնալիքի լեզվով, և նշել, որ զրպարտիչ մեղադրանքները, որոնք հնչեցվում են ահաբեկչության և օկուպացիայի քաղաքականությանն աջակցող երկրների զինվորականների կողմից, անընդունելի և անհեթեթ են:

Վերլուծելով ադրբեջանա-հայկական պայմանական պետական սահմանին և Ղարաբաղի տնտեսական շրջանում ստեղծված օպերատիվ իրավիճակը՝ պաշտպանության նախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել հնարավոր սադրանքները վճռականորեն կանխելու համար:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ՊՆ  


Լրահոս