Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը զետեղված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում։
Նախագահն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը Լաչինը վերադարձրել է ինչպես մարտի դաշտում, այնպես էլ քաղաքական ճանապարհով։
«Չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտով այս շրջանը անցավ մեր վերահսկողության տակ, Լաչին քաղաքը մնում էր մեր վերահսկողությունից դուրս: Դրա համար կային օբյեկտիվ պատճառներ. Հայաստանից Ղարաբաղ տանող ճանապարհն անցնում էր Լաչին քաղաքի կենտրոնով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահի հետ բազմաժամ հեռախոսազրույցների արդյունքում մեզ հաջողվեց պայմանավորվել Լաչին քաղաքի՝ Ադրբեջանին վերադարձի հարցի շուրջ:
Դրա համար, իմ պնդմամբ, Ամփոփիչ հայտարարության մեջ ներառվել է այլընտրանքային ճանապարհի կառուցման հարցը և դրա ժամկետները: Բայց այնտեղ մի քիչ անորոշ ձևով նշված էր, որ այդ հարցի քննարկումը կիրականացվի երեք տարվա ընթացքում: Դրանով հանդերձ, Ղարաբաղյան Երկրորդ պատերազմն ավարտվելուն պես ես կարգադրեցի որոշել նոր ճանապարհի երթուղին և դրա բոլոր տեխնիկական պարամետրերը: Մենք շուտով սկսեցինք ու մեկուկես տարում կառուցեցինք Լաչին քաղաքը շրջանցող նոր ճանապարհ: Այն պատրաստ էր շահագործման արդեն անցյալ տարվա օգոստոսի սկզբին, ավելի ճիշտ՝ օգոստոսի 2-ին: Մենք ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարությանը տեղեկացրինք, որ պետք է իրենց դիրքերը հանեն նախկին երթուղուց և տեղադրեն նոր ճանապարհի վրա, իսկ մինչև օգոստոսի 5-ը մենք պետք է մտնենք Լաչին քաղաք, Զաբուխ և Սուս գյուղեր։
Ղարաբաղի հայերի ներկայացուցիչները, որոնք այն ժամանակ կապ հաստատեցին մեր ներկայացուցիչների հետ, խնդրում էին ժամանակ տալ, ասելով, թե «մինչև օգոստոսի 25-ը մենք ինքներս կլուծենք այս հարցերը, ապօրինի բնակվող հայերին կհանենք Լաչին քաղաքից, Զաբուխ և Սուս գյուղերից»։ Ես չառարկեցի, այսինքն՝ 20 օրն այդքան էլ երկար ժամանակ չէ: Այսպիսով, օգոստոսի 25-ին կատարված աշխատանքների արդյունքում այնտեղից վտարվեցին Լաչին քաղաքում, Զաբուխ և Սուս գյուղերում ապօրինի բնակվող բոլոր հայերը։ Օգոստոսի 26-ին մենք վերադարձանք Զաբուխ, Սուս գյուղեր և Լաչին քաղաք։ Դրանից հետո ես այցելեցի Լաչին քաղաք, քաղաքի կենտրոնում բարձրացրեցի Ադրբեջանի դրոշը և հայտարարեցի, որ այսուհետ մենք հավերժ ապրելու ենք մեր հայրենի հողում։
Դրանից անմիջապես հետո կարգադրվել է առանց ժամանակ կորցնելու, սկսել Լաչին քաղաքի վերականգնման գործընթացը։ Արդեն ավելի քան երկու տարի է մեկնարկել են Լաչինի շրջանի վերականգնման աշխատանքները, շատ աշխատանքներ արդեն կատարվել են։ Ինչպես գիտեք, Լաչինի շրջանում միջազգային օդանավակայան է կառուցվում։ Այս տարածաշրջանում երբևէ օդանավակայան չի եղել, և օդանավակայանի գտնվելու վայրը որոշելիս մենք մեծ դժվարությունների բախվեցինք, քանի որ այնտեղ հնարավոր չէր հարթ տեղ գտնել թռիչքուղու կառուցման համար։ Մենք միջազգային օդանավակայան ենք կառուցում լեռնային շրջանում, սարերով շրջապատված տարածքում՝ սարերը ճեղքելով և խոշոր հողային աշխատանքներ ենք իրականացնում։ Օդանավակայանը շահագործման կհանձնվի հավանաբար հաջորդ տարվա վերջին կամ 2025 թվականի սկզբին։
Սկսվել է Քելբաջար-Լաչին ճանապարհի վերականգնման գործընթացը: Ես ինքս Քելբաջարից Լաչին եմ ճանապարհորդել մեքենայով, և թեև հեռավորությունն այնքան էլ մեծ չէ, բայց այս ճանապարհը չափազանց դժվար է և վտանգավոր, ներկայիս ճանապարհից գրեթե անհնար է օգտվել։ Խորհրդային տարիներին այդ շրջաններում ապրած մարդիկ շատ լավ հիշում են, որ ճանապարհը շատ դժվար էր, շատ դեպքերում՝ սերպանտին։ Հետևաբար, մենք վերակառուցում ենք այս ճանապարհը, բազմաթիվ թունելներ են կառուցվելու։ Ընդհանուր առմամբ, մեր թունելների մեծ մասը գտնվում է Քելբաջարի և Լաչինի շրջաններում՝ հենց այս տարածաշրջանում: Մուրով լեռան տակով անցնող թունելի երկարությունը կազմելու է մոտ 12 կիլոմետր։ Այսպիսով, մենք բացում ենք նաև Գոյգյոլի շրջանից դեպի Արևելյան Զանգեզուր տանող ճանապարհը։ Միաժամանակ արագ տեմպերով կառուցվում է նաև Գուբադլի-Լաչին ճանապարհը։
Այսպիսով, պատերազմն ավարտվելուն պես սկսվեցին Լաչինի շրջանի վերականգնման աշխատանքները։ Իսկ Լաչին քաղաքի վերականգնումն ընթանում է անցած տարվա օգոստոսի 26-ից հետո։ Ուզում եմ ձեզ և ադրբեջանական հանրությանը տեղեկացնել, որ առաջին փուլում Լաչին քաղաքում կառուցվում է մոտ 500 առանձնատուն կամ վերականգնվում են հայերի կողմից ավերված տները։ Ընթացքի մեջ են ութ բազմահարկ բնակելի շենքերի վերակառուցման կամ հիմնանորոգման աշխատանքները, կառուցվում են ավելի քան 30 հասարակական շենքեր։ Իմ հանձնարարությամբ բոլոր այս աշխատանքները պետք է ավարտենք մինչև այս տարվա վերջ, սա կլինի միայն առաջին փուլը։ Այս տների թիվը խոսում է այն մասին, որ մինչև տարեվերջ Լաչին քաղաքում կապրեն հազարավոր մարդիկ, այս տարի լաչինցիները կվերադառնան իրենց հայրենի հող»։