Զաքիր Հասանովը հանձնարարել է ուշադիր ուսումնասիրել նոր զինատեսակներն ու տեխնիկան
 Զաքիր Հասանովը հանձնարարել է ուշադիր ուսումնասիրել նոր զինատեսակներն ու տեխնիկան
15:04     14 01 2023    
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն։

Ինչպես ՊՆ-ից հայտնել են Zinvor.info-յին՝ խորհրդակցությանը մասնակցել են փոխնախարարները, զորատեսակների հրամանատարները, նախարարության գլխավոր վարչությունների, վարչությունների և ծառայությունների ղեկավարները, ինչպես նաև զորամիավորումների և զորամասերի հրամանատարները՝ տեսակապի միջոցով։

Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ, Զինված ուժերի գերագույն հրամանատար Իլհամ Ալիևը վերջերս տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցի ժամանակ բարձր է գնահատել ադրբեջանական բանակի ծառայողական և մարտական պատրաստվածությունը և իրականացվող ռազմական բարեփոխումները, մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել Գերագույն գլխավոր հրամանատարի կողմից ադրբեջանական բանակի առջև դրված խնդիրները:

Այնուհետև իրականացվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին և ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր վերահսկողության գոտում օպերատիվ իրավիճակի ծավալուն վերլուծություն։

Գեներալ-գնդապետ Զ. Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների մարտունակության բարձր մակարդակի պահպանման ուղղությամբ՝ ցանկացած պահի հնարավոր սադրանքը կանխելու համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անձնակազմի կողմից նոր սպառազինության և ռազմական տեխնիկայի ուսումնասիրությանը, դրանց պատշաճ շահագործման և արդյունավետ կիրառման նպատակով մասնագետների պատրաստմանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Զաքիր-Հասանով