Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է AzerGold-ի խորհրդի նախագահ Զաքիր Իբրահիմովը։
Նրա խոսքով, առանց մոնիտորինգի անհնար է առաջնային տեղեկատվություն տրամադրել տարածքում տիրող իրավիճակի մասին. «Արտաքին աղբյուրներից (Ազերկոսմոս և այլն) ստացված տվյալներից պարզ է դառնում, որ այս տարածքում աշխատանքներ են տարվում։ Այնուամենայնիվ, առանց տեղում մոնիտորինգի անհնար է ասել, թե որքանով է այն համապատասխանում բնապահպանական և այլ չափանիշներին: Ներկայումս մեր աշխատակիցներից կազմված մոնիտորինգային խումբը համաձայնեցնում է «Գըզըլբուլագ» ոսկու և «Դեմիրլի» պղնձամոլիբդենային հանքավայրերում աշխատանքների անցկացման համար հասանելիության հարցը։
Զաքիր Իբրահիմովը անդրադարձել է նաև գործընթացում օտարերկրյա մասնագետների ներգրավման հարցին.
«Մենք ունենք բավականաչափ փորձառու և որակյալ տեղացի մասնագետներ, և նրանք կարող են կատարել առաջադրված խնդիրը։ Ընդհանուր առմամբ, ունենք ընդամենը 2 մասնագետ, որոնք օտարերկրացի են, և նրանք Թուրքիայի քաղաքացիներ են։ Բայց մոնիտորինգին նրանց մասնակցությունը նախատեսված չէ։ Անհրաժեշտության դեպքում հետագայում կարող ենք դիտարկել նաև արտասահմանցի մասնագետներ ներգրավելու հնարավորությունը»։
Նշենք, որ արդեն ինը օր է շարունակվում է ադրբեջանցի բնապահպանների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, ակտիվիստների և կամավորների բողոքի ակցիան՝ պահանջելով դադարեցնել Ադրբեջանի բնական պաշարների ապօրինի շահագործումը, ապահովել՝ «Գըզըլբուլագ» ոսկու և «Դեմիրլի» պղնձամոլիբդենային հանքավայրերում մոնիտորինգի անցկացումը։