Իլհամ Ալիև. Ադրբեջանը հավատարիմ է Ռուսաստանի և Հայաստանի հետ ստորագրած եռակողմ փաստաթղթերին
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը հավատարիմ է Ռուսաստանի և Հայաստանի հետ ստորագրած եռակողմ փաստաթղթերին
08:40     17 09 2022    
Սեպտեմբերի 16-ին Սամարղանդում կայացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով «Ազերթաջ»-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպման ժամանակ ասել է.

-Այսօր մենք բոլորս խիստ անհանգստացած ենք հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմամբ։ Մենք այդ մասին խոսել ենք Ձեզ հետ: Անցած գիշեր ես խոսել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Ձեզ տեղեկացրել եմ այդ մասին։ Լավ է, որ համակարգված ջանքերով էսկալացիան ի վերջո հաջողվեց դադարեցնել, բայց, որքան հասկանում եմ, իրավիճակը դեռ շարունակում է լարված մնալ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է.

-Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ես շատ ուրախ եմ մեր նոր հանդիպման համար։

Վերջին հանդիպումից երեք ամիս էլ չի անցել։ Բայց այդ ժամանակ մենք նույնպես մշտական կապի մեջ էինք, հեռախոսով խոսում էինք։ Մենք շատ դրական դինամիկա ենք տեսնում նաև երկկողմ հարաբերություններում։

Դաշնակցային փոխգործակցության հռչակագրի ստորագրումից հետո կարևոր փաստաթղթեր են ստորագրվել նաև տարբեր ոլորտների վերաբերյալ և, ընդհանուր առմամբ, ինչպես նշեցիք, մենք տեսնում ենք ծավալների աճ առևտրաշրջանառության մեջ և բեռնափոխադրումների ոլորտում։ Նաև մենք այժմ մտադիր ենք ամբողջությամբ օգտագործել մեր տարանցիկ հնարավորությունների ներուժը: Այնպես որ, արդյունքներ կան: Եվ վստահ եմ, որ այս տարին բոլոր ոլորտներում լավ արդյունքներով կավարտենք։

Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ձեզ հայ-ադրբեջանական սահմանի գոտում սրացմանը օպերատիվ արձագանքելու համար։ Բախումները տևել են ութ ժամից էլ քիչ, և այն, որ դրանք դադարեցվել են, թեև հայկական կողմը անմիջապես չսկսեց իրականացնել հրադադարը, բայց ընդհանուր առմամբ մոտ երկու օր է, ինչ հրադադարը պահպանվում է, վկայում է այն մասին, որ ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը լայնամասշտաբ էսկալացիայի մտադրություն չուներ։ Ցավոք, սահմանային կոնֆլիկտներ լինում են։ Բայց գլխավորն այն է, որ հաջողվեց կայունացնել իրավիճակը և այն տեղափոխել խաղաղ հուն։

Տեղից ստացվող ինֆորմացիայի համաձայն, ինչպես արդեն նշեցի, արդեն երկրորդ օրն է՝ իրավիճակը կայուն է։ Այժմ կարևորը հարաբերությունների կարգավորման՝ մեկնարկող գործընթացին վնաս չհասցնելն է ու այդ ուղղությամբ առաջ ընթանալը:

Մենք ողջունում ենք դրան ուղղված Ռուսաստանի ջանքերն, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների հարցերով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովի, սահմանազատման գործընթացի, ինչպես նաև խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների շրջանակներում։ Իհարկե, այս ամենը մանրամասն կքննարկենք։

«Եվս մեկ անգամ ուզում եմ ասել, որ Ադրբեջանը հավատարիմ է եռակողմ փաստաթղթերին, որոնք ստորագրվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, և մենք կանենք ամեն ինչ, որպեսզի իրավիճակը Կովկասում կայուն լինի:
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս