Zinvor.info-յի փոխանցմամբ՝ «Հրապարակ» թերթը պնդում է, որ շատ նորակոչիկներ չեն անցնում պատշաճ բուժզննում, դրա համար էլ զինվորների մահվան դեպքերը գնալով շատանում են:
«Հայկական բանակում զինվորի մահը սովորական բան է դարձել: Կարծես, քիչ էին հակառակորդի կրակոցից, ինչու չէ նաև հենց զինծառայակցի կրակոցներից զոհերը, հիմա էլ պարբերաբար լսում ենք, թե այսինչ զինծառայողը անհասկանալի հանգամանքներում` առողջական խնդիրներ է ունեցել եւ մահացել: Սա այն դեպքում, երբ թե ժամկետային, թե պայմանագրային զինծառայողները, զինվորական ծառայության անցնելուց առաջ պարտադիր բժշկական զննության են ենթարկվում։
Թե ինչո՞ւ եւ ինչպե՞ս է պատահում, որ զինծառայողները բանակում մահանում են առողջական խնդիրների պատճառով, եթե համապատասխան բուժզննության են ենթարկվում, այս հարցի պատասխանը փորձեցինք ստանալ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանից: Թորոսյանը մեր հարցին ի պատասխան նշեց, թե միանշանակ բոլոր զինծառայողներն անցնում են համապատասխան բուժզննություն, իսկ թե ինչու են անհասկանալի առողջական խնդիրների պատճառով մահանում, այդ հարցի պատասխանը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո: Մենք հետաքրքրվեցինք, թե որքա՞ն կտևի դատաբժշկական փորձաքննությունը և վերջապես ո՞ր մարմինն է իրականացնում գործի քննությունը, Թորոսյանը նշեց, որ այդ հարցերին բանավոր պատասխանել չի կարող», - գրում է թերթը: