Ինչպես հայտնում է
Zinvor.info-ն, այս մասին պաշտոնական մամուլին տված հարցազրույցում ասել է՝ Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը։
«Այժմ Թուրքիան իր ավանդն է ներդնում գլոբալ անվտանգությանը հսկայական աշխարհագրական տարածքում՝ Սիրիայից մինչև Լիբիա, Միջերկրական ծովից մինչև Համաշխարհային օվկիանոս՝ խաղաղապահ առաքելություն իրականացնելով այս թեժ շրջաններում։ Ադրբեջանի Հանրապետությունը նույնպես արդյունավետորեն պայքարում է գլոբալ ահաբեկչության և անդրազգային հանցագործության դեմ, որոնք հանդիսանում են միջազգային անվտանգության հիմնական սպառնալիքները, և խաղաղապահ առաքելություն է իրականացնում տարբեր հակամարտությունների գոտիներում։ Այսինքն՝ երկու երկրներն էլ ունեն բացառիկ արժանիքներ համաշխարհային անվտանգության ապահովման գործում։
Կցանկանայի միայն մեկ փաստ նշել. Ջոզեֆ Բայդենը վերջին երեք ամիսների ընթացքում երկրի նախագահին ուղղված բոլոր երեք նամակներում ընդգծել է Ադրբեջանի վճռական դերը աշխարհում, հատկապես Եվրոպայում անվտանգության կայունացման գործում։ Նման տեսակետները մշտապես արտահայտվում են միջազգային ամենաբարձր մակարդակով։ Սա, անկասկած, նախագահ Իլհամ Ալիեւի անվտանգության հայեցակարգի մեծ հեռատեսությամբ ու իմաստնությամբ իրագործման արդյունքն է»,- ասել է Ռամիլ Ուսուբովը։