«Հաղթանակ» բառը շատ է սազում Ադրբեջանին. Իլհամ Ալիև
 «Հաղթանակ» բառը շատ է սազում Ադրբեջանին.  Իլհամ Ալիև
15:01     22 04 2022    
Ապրիլի 22-ին Շուշայում իր աշխատանք է սկսել Համայն աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը։

Ինչպես տեղեկացնում է Zinvor.info-ն, միջոցառմանը ելույթ է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

«Հաղթանակ բառը շատ է սազում Ադրբեջանին։ Դուք եկել եք այստեղ Հաղթանակի ճանապարհով, մեր երկրի տարբեր մարզերում ստեղծվում են Հաղթանակի թանգարաններ։ Կարող եմ ասել, որ այս պատմական Հաղթանակն ադրբեջանական ժողովրդին տվել է հայրենասիրական ոգով դաստիարակված սերունդը, որը մեծացել է անկախ Ադրբեջանում»,- իր ելույթում նշել է նախագահ Իլհամ Ալիևը։

«Ճանապարհին ես հիշեցի առաջին համագումարը, երբ նախագահ Հեյդար Ալիևն ասաց, որ ադրբեջանցիներն անպայման կազատեն իրենց օկուպացված հողերը և կվերադառնան այնտեղ։ Համազգային առաջնորդի այս խոսքերն իրականություն են դարձել և ազատագրված Շուշան մեզ դիմավորեց լավ եղանակով, նույնիսկ բնությունը, արևն է մեր կողմը։

Ղարաբաղյան խնդրի լուծումն իմ գլխավոր նպատակն էր նախագահական գործունեությանս սկզբից։ Բոլոր ջանքերն ուղղված էին դրան, այս նպատակից ավելի կարևոր ոչինչ չկար: Ուստի այնքան մեծ ուշադրություն է դարձվել բանակի զարգացմանը, ամբողջ քաղաքականությունն ուղղված է եղել Հաղթանակի օրը մոտեցնելուն։ Ես բազմիցս ասել եմ, որ մենք չենք հաշտվելու օկուպացիայի հետ և վերադառնալու ենք մեր նախնիների հողեր: Սակայն ես ցանկանում էի խաղաղ լուծում, հավատում էի, որ դա հնարավոր է, քանի որ ընդունվեցին միջազգային փաստաթղթեր ու որոշումներ, որոնք դատապարտում էին Հայաստանի օկուպացիոն քաղաքականությունը և պահանջում մեր հողերի ազատագրումը։

Հայաստանում իշխանափոխությունից հետո ակնկալիքներ կային, որ այնտեղ կհասկանան, որ 21-րդ դարում չի կարելի օկուպացնել հարևան պետության տարածքը։ Բայց մենք տեսանք, որ նպատակ կար մեզ հաշտեցնելու տխուր իրավիճակի հետ։ Եվ մենք պատերազմում էինք ոչ միայն Հայաստանի, այլև նրա հովանավորների հետ»,- հավելել է նախագահը:

«Մենք ամբողջ աշխարհին ցույց տվեցինք, թե ինչպես պետք է 21-րդ դարում պատերազմել՝ արժանապատվորեն, ժամանակակից մեթոդներով և ընդամենը 44 օրում ամբողջությամբ ջախջախեցինք հայկական բանակը։ Ոչնչացված և որպես ավար վերցված հայկական զինտեխնիկայի ընդհանուր արժեքը 4-5 միլիարդ դոլար է։ Հայկական բանակում 10 հազար դասալիք կար, իսկ ադրբեջանականում՝ ոչ մեկ։ Սա ադրբեջանական ժողովրդի միասնության ցուցանիշն է։

Թեև պատերազմն ավարտված է՝ մեր նկատմամբ տարածքային պահանջները չեն ավարտվել, դրանք կան, և մենք պետք է պատրաստ լինենք դրանց։ Բայց ես վստահ եմ, որ դրանք կսպառվեն։

Եթե Հայաստանի ղեկավարությունը պատերազմի սկզբում մեզ ներկայացներ մեր տարածքներից զորքերի դուրսբերման ժամանակացույց, պատերազմը շատ ավելի շուտ կավարտվեր։ Բայց դա չարվեց, և Հայաստանը ստիպված եղավ կապիտուլյացիայի ակտ ստորագրել, ինչի արդյունքում Լաչինի, Աղդամի և Քելբաջարի շրջանները վերադարձվեցին առանց կրակոցի։ Այսինքն՝ դա ռազմաքաղաքական հաղթանակ էր։

Ինչ վերաբերում է միջնորդներին, ապա Մինսկի խմբի մասին խոսելն անիմաստ է, այն ոչ մի արդյունքի չհասավ։ 2019 թվականից նրա գործունեությունը գործնականում կաթվածահար է եղել։ Եթե նայեք դրա գործունեությանը, ապա նրանց նպատակը ադրբեջանական հողերի օկուպացիան հավերժացնելն էր։ Համանախագահները ենթարկվում էին հայկական լոբբիի ուժեղ ազդեցությանը, և 28 տարի մենք որևէ արդյունք չտեսանք»,- իր ելույթում նշել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս