ԵԱՀԿ Մինսկի խումբը մահացել է. պաշտոնապես տապանագիր՝ Մարիա Զախարովայից
  ԵԱՀԿ Մինսկի խումբը մահացել է.  պաշտոնապես տապանագիր՝ Մարիա Զախարովայից
09:45     15 04 2022    
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության օրակարգը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործությունը՝ աշխարհաքաղաքական նոր իրողությունների լույսի ներքո։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությանը, Մարիա Զախարովայի հայտարարության մեջ ասվում է.

«Ինչպես ավելի վաղ նշել էինք, Բաքվի կողմից առաջարկված «Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքները» և դրանց վերաբերյալ Երևանի արձագանքը պետք է հիմք հանդիսանան խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների մեկնարկի համար: Այս թեման քննարկվել է ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ ունեցած հեռախոսազրույցներում, ինչպես նաև դրա նախորդ օրը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարարի՝ ՀՀ ԱԳ նախարարի հետ ունեցած զրույցում, նաև՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում: Ռուսաստանը վճռական է տրամադրված՝ աջակցելու Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը:

Հիշեցնեմ, որ փետրվարի 24-ին Վաշինգտոնն ու Փարիզը դադարեցրել են բոլոր շփումները Մոսկվայի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Մինչդեռ Հարավային Կովկասի իրական իրավիճակը թույլ չի տալիս բանակցային դադարներ։ Պահանջվում են հետագա հետևողական քայլեր՝ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար, քանի որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան որպես համանախագահներ դադարեցրել են համագործակցությունը:

Այս կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը կշարունակի իր աշխատանքը նոր պաշտոնում՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու հարցերով։ Ուշադրության կենտրոնում կլինի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Հուսով ենք, որ Բաքվում և Երևանում մեր դաշնակիցներն ու գործընկերները կօժանդակեն Խովաևի ջանքերին։ Բաց ենք այլ շահագրգիռ խաղացողների հետ կառուցողական փոխգործակցության համար»:
Zinvor.info

Հեշթեգներ. Մարիա-Զախարովա   ԵԱՀԿ  


Լրահոս