Զաս. Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության օջախներ կան
  Զաս.  Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության օջախներ կան
12:10     10 02 2022    
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հեռանկարների մասին։

Զասն ընդգծել է, որ կարգավորման հարցում որոշակի զգուշավոր լավատեսություն կա։

Նրա խոսքով՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից եւ ռուս խաղաղապահների՝ Ղարաբաղ մտնելուց հետո իրավիճակը կայունացել է, արյունահեղությունը դադարել է։

«Իհարկե, լարվածության օջախներ կան, եւ դրանք կան հայ-ադրբեջանական սահմանին։ Ես այնտեղ եղել եմ, իմ աչքերով եմ տեսել, թե ինչ է կատարվում։ Բայց, ըստ էության, սահման, այնտեղ, որպես այդպիսին, չկա. կա շփման գիծ, ​​հենակետեր, դիտակետեր։ Ժամանակ առ ժամանակ փոխհրաձգություններ են լինում։ Այդպես չպետք է լինի»,- հայտարարել է նա։

Գլխավոր քարտուղարի խոսքով՝ այժմ կողմերի առջեւ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման լուրջ խնդիրն է, դա մեծ եւ բարդ աշխատանք է, սակայն, այնուամենայնիվ, թույլ կտա ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը. «Զգուշավոր լավատեսություն կա, որ ավարտվում է պատերազմի մի ամբողջ դարաշրջան եւ սկսվում է մեկ այլ դարաշրջան: Ես կարող եմ սխալվել լավատեսության մասով, բայց, ամեն դեպքում, պետք է ողջունել այն քայլերը, որոնք այժմ արվում են խաղաղության հաստատման համար»:
Zinvor.info

Հեշթեգներ. Զաս   Հայաստան  


Լրահոս