Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շուշայի հռչակագիրը
 Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Շուշայի հռչակագիրը
17:42     04 02 2022    
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին Շուշայի հռչակագիրը։

Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 266 պատգամավոր։ Շուշայի հռչակագիրը, որը նախկինում քննարկման էր ներկայացվել արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, բարձր է գնահատվել հանձնաժողովի կողմից և խորհրդարանում ներկայացվել որպես պատմական կարևոր փաստաթուղթ։

Ավելի վաղ հռչակագիրը հաստատել էր Ադրբեջանի խորհրդարանը:

Համագործակցության մասին Շուշայի հռչակագիրն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված համագործակցության մասին պայմանագիր է:

Փաստաթղթի ստորագրումից հետո Նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ այն բարձրագույն մակարդակի է հասցնում Ադդրբեջանի և Թուրքիայի համագործակցությունը։ Հռչակագիրը ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում։

«Մեր ստորագրած դաշնակցային համաձայնագիրը ցույց է տալիս մեր հետագա համագործակցության ուղիները, հռչակագրում կարևորվում է փոխգործությունը միջազգային մակարդակում, էներգետիկ անվտանգության, Հարավային գազային միջանցքի, տնտեսության, առևտրի, մշակույթի, սպորտի բնագավառներում, բայց ես ուզում եմ առանձնացնել երկուսը՝ համագործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում և փոխադարձ ռազմական օգնությունը»,- ասել է Իլհամ Ալիևը։

Նա պատմական մեծ նվաճում է անվանել դեկլարացիան։

Իլհամ Ալիևը խոսել է նաև Զանգեզուրի միջանցքի մասին, ասելով, թե դա հնարավոր է դարձել ղարաբաղյան պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի արդյունքում։
Zinvor.info

Հեշթեգներ. Թուրքիա   Ադրբեջան   Շուշայի-հռչակագիր  


Լրահոս