ԵՄ-ն աջակցում է հայ-թուրքական շփումներին «3+3»-ում եւ հնարավոր շփումներին` Անթալիայում․ Կլաար
«Մենք նաեւ աջակցում ենք Երեւանի եւ Ստամբուլի միջեւ չվերթների սպասվող վերսկսմանը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաների միջեւ բարձր մակարդակի շփումներին ինչպես «3+3» հարթակում, այնպես էլ՝ հնարավոր այլ շփումները Անթալիայի Դիվանագիտական ֆորումում»,- շեշտել է Կլաարը։
ԵՄ հատուկ ներկայացուցիչը
Zinvor.info-ին տեղեկացրեց, որ հունվարի 21-ին Երեւան կատարած այցի ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հետ ունեցած հանդիպմանը «այս հարցերի վերաբերյալ մտքերի շատ հետաքրքիր փոխանակում է տեղի ունեցել»։
«Ինձ թվում է, որ նրա՝ (Ռուբեն Ռուբինյանի - խմբ․) դեկտեմբերի 14-ին Մոսկվայում Թուրքիայի իր գործընկերոջ հետ ունեցած առաջին հանդիպումը բարձր է գնահատվել երկու կողմից էլ։ Եվրամիությունը ողջունում է այս ջանքերն ու պատրաստ է իր ներդրումն ունենալ հետագա ցանկացած դրական զարգացման մեջ, եթե կողմերը համապատասխան հետաքրքրվածություն ցուցաբերեն։
Ինչպես վերջերս Հայաստանի մի շարք պաշտոնյաների՝ այդ թվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մակարդակով է հայտարարվել, մենք ակնկալում ենք, որ այս գործընթացը կայունություն եւ բարգավաճում կապահովի տարածաշրջանի ժողովուրդների համար։ Հույս ունենք մոտ ապագայում այս ուղղությամբ լրացուցիչ կոնկրետ քայլեր տեսնել։ Ես հույս ունեմ, որ դա կհանգեցնի դիվանագիտական հարաբերությունների՝ երկար սպասված հաստատմանը եւ հայ-թուրքական սահմանի բացմանը»,- ընգծեց Կլաարը։