Ռուբինյանի և Քըլըչի առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում․ Չավուշօղլու
|
|
Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների՝ հարաբերությունների կարգավորմանն ուղղված առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
|
«Նշանակված են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչներ։ Առաջին հանդիպումը կկայանա Մոսկվայում։ Հույս ունենք, որ Հայաստանը կգործի միջազգային իրավունքի շրջանակում»,- Անկարայում լրագրողներին ասել է Չավուշօղլուն։
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ Ստամբուլ – Երեւան առաջին ավիաչվերթը տեղի կունենա առաջիկա օրերին։
Նա ավելացրել է, որ Ստամբուլի եւ Երեւանի միջեւ ավիաչվերթները կբացվեն մոտ օրերս։
Նրա խոսքով՝ Հայաստանի հետ երկխոսության հարցում Թուրքիան սերտորեն համակարգում է գործողություններն Ադրբեջանի հետ։
Չավուշօղլուն նաեւ հիշեցրել է «3+3» ձեւաչափով վերջերս Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման մասին։ «Նման հանդիպումները նշանակալի են, եւ Անկարան պատրաստ է ընդունել հաջորդ հանդիպումը։ Երկխոսությունն այդ ձեւաչափով կկազմակերպվի փոխատեղման կարգով»,- ասել է նա։
Անդրադառնալով Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը՝ Չավուշօղլուն տեղեկացրել է, որ կողմերը կհամաձայնեցնեն քննարկումների ստույգ օրը հեռախոսազրույցների ընթացքում. «Հայկական կողմն առաջարկում է հատուկ ներկայացուցիչների հանդիպումն անցկացնել Մոսկվայում։ Մենք կողմնակից ենք, որպեսզի Հայաստանի հետ շփումներն իրականացվեն ուղղակիորեն, առանց միջնորդների։ Հույս ունեմ, որ երկու երկրների հատուկ ներկայացուցիչները կձեւակերպեն երկխոսության՝ հետագա շփումների համար օգտակար Ճանապարհային քարտեզը։ Հույս ունեմ նաեւ, որ Հայաստանի ներկայացուցիչների կողմից հնչող դրական ազդանշանները կդրսեւորվեն կոնկրետ քայլերով»։
Հեշթեգներ.
Չավուշօղլու
Թուրքիա