Ադրբեջանը պահանջում է Google maps հավելվածից հեռացնել հայկական տեղանունները
|
|
Ադրբեջանը պահանջում է Google maps հավելվածից հեռացնել Ղարաբաղում հայկական տեղանունները։
|
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Պաշտոնական դիվանագիտական խողովակներով Google ընկերությանն է ներկայացվել Google maps հավելվածում Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի հայերենով աղավաղված տեղանունները ադրբեջաներենով նշելու հարցը։ Այդ առնչությամբ ընկերության ղեկավարությանը նամակ է ուղարկվել մեր երկրի պաշտոնական տեղանունների ցանկով։ Միաժամանակ հիշեցնում ենք, որ այս տարվա մայիսին ՄԱԿ-ի աշխարհագրական անունների փորձագետների խմբի (UNGEGN) ամենամյա նստաշրջանում ներկայացվել է ազգային զեկույց, որը պատրաստվել է ԱՀ էկոլոգիայի եւ բնական ռեսուրսների նախարարության հետ համատեղ։ Տվյալ փաստաթուղթը պարունակում է ադրբեջաներեն, անգլերեն եւ ռուսերեն լեզուներով բնակավայրերի 4589 պաշտոնապես ստանդարտացված եւ հաստատված անվանումների ցանկ, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հակամարտությունից տուժած եւ աղավաղված տարածքների 125 աշխարհագրական օբյեկտների անուններ: Աշխարհագրական անվանումների ստանդարտացման վերաբերյալ ՄԱԿ-ի համաժողովների շրջանակում ընդունված բանաձեւերն արգելում են ցանկացած երկրի լիազորված պետական մարմիններին փոփոխություններ կատարել ստանդարտացված աշխարհագրական անվանումներում, եւ նման փոփոխությունները չեն կարող ճանաչվել ՄԱԿ-ի կողմից: Ինչ վերաբերում է Google maps հարթակին, ապա hարկ է նշել, որ այս հավելվածն աշխատում է անհատական հարցումների եւ օգտատերերի մոտեցումների սկզբունքով։ Այս առումով շատ կարեւոր է, որ մեր քաղաքացիները, ինչպես նաեւ հասարակական կազմակերպություններն ակտիվորեն իրենց կարծիքը հայտնեն այս առնչությամբ։ Ներկայումս այս հարցը գտնվում է ուշադրության կենտրոնում, միջոցներ են ձեռնարկվում թույլատրված աղավաղումները վերացնելու ուղղությամբ»։
Հեշթեգներ.
Ադրբեջան
ԱԳՆ