Թուրքիան քննարկում է Ստամբուլ-Երևան չվերթներ սկսելու հայտերը
|
|
Անկարան քննարկում է թուրքական և հայկական ավիաընկերությունների դիմումները՝ կապված Ստամբուլ-Երևան-Ստամբուլ չվերթերի բացման հետ։
|
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ ավիաընկերությունների հայտերը քննարկում է տրանսպորտի նախարարությունը և Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի գլխավոր տնօրինությունը։
«Սկզբունքորեն, թուրքական կողմի վերաբերմունքը խնդրին դրական է։ Մոտ օրերս կորոշվի, թե ընկերություններից որ մեկը կկարողանա թռչել այս երթուղով»,- ասել է Չավուշօղլուն։
Նախարարը հիշեցրել է, որ Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը դրական ուղերձներ են հնչեցրել Հայաստանի ուղղությամբ։
«Հատկապես կարևոր են Երևանի հետ համապարփակ խաղաղության համաձայնագիր կնքելու Բաքվի կոչերը։ Այս ազդակները ցույց են տալիս նաև Թուրքիայի և Ադրբեջանի մոտեցումները այս հարցում»,- ասել է Չավուշօղլուն։
Նա ընդգծել է, որ Թուրքիան հանդես է գալիս Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման օգտին։
Չավուշօղլուն հույս է հայտնել, որ հայկական կողմը ջանքեր կգործադրի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն ու կայունություն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան և Հայաստանը կարող են հատուկ ներկայացուցիչներ նշանակել երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու համար․ «Առաջիկայում մենք Հայաստանի հետ կնշանակենք հատուկ ներկայացուցիչներ, որոնք քայլեր կձեռնարկեն (հարաբերությունները) կարգավորելու համար: Մենք նաև չարտերային թռիչքներ կբացենք Հայաստանի մայրաքաղաք Երևանի հետ»։
Նրա հայտարարությանը արձագանքեց ՀՀ ԱԳՆ-ն․ «Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին, ինչն արձանագրված է ՀՀ կառավարության ծրագրում։ Այս առումով դրական ենք գնահատում Թուրքիայի ԱԳ նախարարի` հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ հայկական կողմը ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի»։
Հեշթեգներ.
Թուրքիան
Հայաստան
Չավուշօղլու