Ադրբեջանի նախագահ. Զանգեզուրի միջանցքը կկապի թուրքական աշխարհը
  Ադրբեջանի նախագահ.  Զանգեզուրի միջանցքը կկապի թուրքական աշխարհը
10:55     13 11 2021    
«Զանգեզուրի միջանցքի բացումը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում տարածաշրջանային իմաստով նոր հնարավորություններ կստեղծի ողջ տարածաշրջանի համար»։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թյուրքալեզու երկրների Համագործակցության խորհրդի VIII գագաթնաժողովում։

Երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ իր վարած օկուպացիոն քաղաքականության պատճառով պարտություն կրած Հայաստանն էլ կգիտակցի, որ տարածքային հավակնություններով հանդես գալը իրականում ձեռնտու չէ իրեն: Նախագահն ընդգծել է, որ նրանք կամ կհրաժարվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային հավակնություններից, կամ էլ կհայտնվեն շար ծանր վիճակում:

Նախագահը նշել է, որ Զանգեզուրի միջանցքը իրար կկապի թուրքական աշխարհը. «Սա մեզ դուրս կբերի դեպի Եվրոպա։ Սա շատ կարևոր նախագիծ է, այն ունի մեծ ներուժ։ Կան շատ ակտիվ ջանքեր»։ Իլհամ Ալիևը հիշատակել է 2009 թվականին կառույցի հիմնադրման առիթով գումարված Նախչըվանի համաժողովում իր ելույթը: «Այն ժամանակ ես ասացի, որ 1920 թվականին սովետական իշխանությունները մասնատեցին Ադրբեջանը՝ Զանգեզուրի մի մասը տալով Հայաստանին և դրանով իսկ բաժանեցին թյուրքական աշխարհը: Հիմա տարածաշրջանային մեծ նախագծեր են մշակվել, որոնք կրկին կմիավորեն թյուրքական աշխարհը»։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իլհամ-Ալիև  


Լրահոս