Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ. Հիքմեթ Հաջիեւ
|
|
Շարունակելով ամեն ինչ գլխիվայր շրջելու քաղաքականությունը՝ Ադրբեջանում առաջ են տանում «զոհի» գաղափարը՝ Հայաստանին ներկայացնելով որպես «ագրեսոր»։
|
«Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաշտության պայմանագիր կնքվեց Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ, ինչո՞ւ այն չպետք է ստորագրվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»:
Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը։
«Ադրբեջանի առաջարկները հայտնի են Հայաստանին։ Հայ հասարակությունը պետք է փոխվի նաեւ քաղաքականապես, հոգեբանորեն եւ ընդունի իր հարեւանների հետ խաղաղ գոյակցությունը։ Եթե Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նման հաշտության պայմանագիր կնքվեց Ֆրանսիայի եւ Գերմանիայի միջեւ, ինչո՞ւ այն չպետք է ստորագրվի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը մոբիլիզացնել ջանքերն այս ուղղությամբ»,-ասել է Հաջիեւը։
Նրա խոսքով՝ մինչ 44-օրյա պատերազմը իր համար շատ դժվար էր արտասահմանյան միջոցառումներին ելույթ ունենալ որպես պարտվող երկրի ներկայացուցիչ։
Ադրբեջանի նախագահի օգնականը նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում խնդիր կա, եւ այդ հարաբերությունները պետք է փոխվեն։
«Անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, երկրները պետք է ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը»,-ընդգծել է Հաջիեւը։
Նրա խոսքով՝ Հայաստանի հայցերն ընդդեմ Ադրբեջանի ցույց են տալիս, որ Հայաստանը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. «Սրան պետք է վերջ տալ։ Հայաստանը պետք է հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային հավակնություններից»:
Միաժամանակ, Հաջիեւն ընդգծել է, որ Հարավային Կովկասում այլ պետություն ստեղծելու Հայաստանի մտադրությունը ձախողվել է։
Հեշթեգներ.
Հիքմեթ-Հաջիեւ
Ադրբեջան