Նախագահ. Ադրբեջանը պատրաստ է Ֆրանսիայի հետ հարաբերությունները սկսել «մաքուր էջից»
  Նախագահ.  Ադրբեջանը պատրաստ է Ֆրանսիայի հետ հարաբերությունները սկսել «մաքուր էջից»
10:51     29 09 2021    
Բաքուն պատրաստ է Փարիզի հետ հարաբերությունների նորմալացմանը, առավել ևս Ֆրանսիայից գալիս են դրական ազդանշաններ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները սառել են անցյալ տարվա աշնանը, երբ Փարիզը Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ գրավեց միակողմանի դիրքորոշում և աջակցեց Հայաստանին։

«Պատերազմի ժամանակ, եկեք անկեղծ լինենք, Ֆրանսիան գործեց, որպես ոչ անկեղծ միջնորդ։ Ֆրանսիան գրավեց Հայաստանի կողմը, Ֆրանսիան մեղադրեց Ադրբեջանին, ցուցադրեց միակողմանի մոտեցում։ Ցանկացած երկիր կարող է բարեկամություն անել ում հետ ցանկանա։ Սակայն, եթե Ֆրանսիան ԵԱՀԿ-ից ստացել է միջնորդի մանդատ, ապա նա պարտավոր է լինել չեզոք»,- ֆրանսիական France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է պետության ղեկավարը, տեղեկացնում է Zinvor.info-ն։

Նրա խոսքով, Բաքուն «չի ուզում փորփրել անցյալը»։

«Մենք Փարիզից դրական ազդանշաններ ենք ստացել մեր ապագա հարաբերությունների վերաբերյալ, և մենք դրական ենք արձագանքել այդ ազդանշաններին։ Իրականանում են երկկողմ շփումներ, ներառյալ Նյու-Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր Անսսամբլեայի հարթակներում ԱԳՆ ղեկավարների ոչ վաղուցվա հանդիպումը։ Մենք բաց ենք համագործակցության համար։ Ֆրանսիան աշխարհի առաջատար երկրներից մեկն է, մենք ուզում ենք նորմալ հարաբերություններ։ Քանի որ, արդեն մեկ տարի է անցել պատերազմից, մենք ցանկանում ենք, որ Փարիզը առավել իրատեսական մոտեցում ցուցաբերի տարածաշրջանի նկատմամբ։ Ես համոզված եմ, որ Ֆրանսիան՝ խաղաղություն, կայունություն և անվտանգություն է ցանկանում տարածաշրջանում։ Մենք էլ ենք դա ուզում, և հույս ունենք, որ Հայաստանն էլ է դա ուզում։ Մենք չենք ուզում վերադառնալ նրան, ինչ եղել է մեկ տարի առաջ և ուզում ենք ամեն ինչ սկսել մաքուր էջից»,- նշել է Ադրբեջանի նախագահը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը անկախության բոլոր տարիներին ակտիվորեն աշխատել է Ֆրանսիայի հետ. «Ֆրանսիան մեր համար միշտ համարվել է բարեկամ երկիր։ Ադրբեջանում մենք համատեղ իրագործել ենք տնտեսական, տրանսպորտային, ենթակառուցվածքային շատ նախագծեր։ Եվ մենք հույս ունեինք, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ՝ հավատարիմ կլինի իր պարտավորություններին։ Մենք գիտենք Հայաստանի և Ֆրանսիայի պատմական կապերի մասին, մենք գիտենք Ֆրանսիայում ուժեղ հայկական սփյուռքի մասին, որը որոշակի աստիճանով կարող է ազդել առանձին որոշումների ընդունման վրա։ Սակայն, ինչպես արդեն ասել եմ, չեմ ուզում փորփրել անցյալը»,- հավելել է պետության ղեկավարը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Ֆրանսիա  


Լրահոս