«Մենք ինքներս ենք կատարել ՄԱԿ - ի Անվտանգության խորհրդի բանաձևերը (Ղարաբաղի վերաբերյալ 4 բանաձևերը): Մենք գործել ենք ՄԱԿ -ի կանոնադրության համաձայն: 51-րդ հոդվածը յուրաքանչյուր երկրի ինքնապաշտպանության իրավունք է վերապահում: Այսպիսով, մենք վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը ՝ օգտագործելով բոլոր միջազգային գործիքները», - երեքշաբթի ասել է Իլհամ Ալիևը՝ ընդունելով Ադրբեջանում ՄԱԿ -ի նոր մշտական համակարգող Վլադանկա Անդրեևային, տեղեկացնում է
Zinvor.info-ն:
Ալիևը նշել է, որ Ադրբեջանը կատարել է ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի բանաձևերը միջազգային իրավունքի շրջանակներում: Ընդ որում՝ Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ 2020 թվականի աշնանը տեղի ունեցած Ղարաբաղյան պատերազմի պատասխանատվությունն ընկնում է ոչ միայն Հայաստանի վրա, «այլև նրանց, ովքեր չկարողացան կամ չցանկացան ստիպել Երևանին պահպանել միջազգային իրավունքի նորմերը»:
Բացի այդ, Ալիևը հիշեցրել է, որ պատերազմից կարելի էր խուսափել, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահները, որոնք միաժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներից են, «ստիպեին Հայաստանին օկուպացիոն զորքերը դուրս բերել Ղարաբաղից»:
«Նրանք իրենք են ընդունել այդ բանաձևերը: Նրանք ունեին մանդատ` նպաստելու այդ բանաձևերի իրականացմանը: Սակայն, ցավոք, 28 տարիների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը բաց թողեց բազմաթիվ հնարավորություններ», - հավելել է նախագահը:
«Շատ դեպքերում ես բարձրացրել եմ Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցը: Որովհետև ես կարծում էի, որ դա կարող է լինել հակամարտությունը կանխելու, պատերազմը կանխելու միջոց: Մենք ցանկանում էինք հարցը լուծել խաղաղ ճանապարհով: (…) եթե ժամանակին Հայաստանի դեմ պատժամիջոցներ կիրառվեին, եթե Մինսկի խմբի համանախագահներն օգտագործեին երեք առաջատար երկրների ներուժի ընդամենը 5 տոկոսը և Հայաստանին ստիպեին դուրս բերել օկուպացիոն զորքերը, ապա պատերազմ չէր լինի» - ընդգծել է Իլհամ Ալիևը: