Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի աջակցության վրա. Լուկաշենկո
 Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի աջակցության վրա.  Լուկաշենկո
12:31     27 07 2021    
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երախտագիտություն է հայտնել ադրբեջանական կողմին երկիր նավթ մատակարարելու համար` անկախ արևմտյան երկրների հակազեցությանը:

Ինչպես հայտնում է Բելառուսի նախագահի պաշտոնական կայքը, այս մասին Լուկաշենկոն հայտնել է Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանը` նվիրված երկրում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտին:

Լուկաշենկոն վստահեցրել է, որ Ադրբեջանը կարող է հույսը դնել Բելառուսի աջակցության վրա: «Մենք պատրաստ ենք իրագործել այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Ադրբեջան վերջերս կատարած այցի ժամանակ»,- ասել է բելառուս ղեկավարը:

Լուկաշենկոն նշել է նաև, որ բելառուսական կողմը մտահոգված էր անցյալ տարի Հայաստանի և Ադրբեջանի միջև սրված հակամարտության պատճառով:

«Հիմնականում Ադրբեջանի և ձեր նախագահի դիրքրոշման շնորհիվ ձեզ հաջողվեց կայունացնել իրավիճակն ու հասնել առկա խնդիրների խաղաղ կարգավորման: Իհարկե, խաղաղության ուղին նոր է սկսում: Ե՛վ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդն արժանի է հանգիստ, խաղաղ կյանքի»,- ընդգծել է բելառուս առաջնորդը:

Նշվում է, որ 2020 թվականին Ադրբեջանը մոտ 1 մլն տոննա նավթ է մատակարարել Բելառուսին: Նավթահումքի մատակարարումը շարունակվում է նաև 2021 թվականին:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Բելառուս  


Լրահոս