Էրդողանը՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում Թուրքիայի և Ադրբեջանի դերի մասին
 Էրդողանը՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում Թուրքիայի և Ադրբեջանի դերի մասին
17:16     02 06 2025    
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ուղերձ է հղել՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա մասնակիցներին։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան և Ադրբեջանը ռազմավարական նշանակություն ունեն՝ Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսանկյունից։

Թուրքիայի առաջնորդի ուղերձը ընթերցել է՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։

Էրդողանը ընդգծել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև հարաբերությունները շարունակում են հաջողությամբ զարգանալ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Նա նշել է, որ երկու եղբայրական երկրները զգալի հաջողությունների են հասել այս ոլորտում՝ իրականացնելով խոշորածավալ նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը և Անդրանատոլիական գազատարը (TANAP):

«Մեր համագործակցությունը ոչ միայն օգուտ է բերում Թուրքիային և Ադրբեջանին, այլև շարունակում է զգալի ներդրում ունենալ տարածաշրջանի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում։ Վերջին տարիների գլոբալ աշխարհաքաղաքական իրադարձությունները կրկին ապացուցեցին՝ թուրք-ադրբեջանական գործընկերության ռազմավարական կարևորությունը», - ընդգծեց Էրդողանը։

Թուրքիայի առաջնորդը հիշեցրել է, որ այս տարվա մարտին շահագործման հանձնվեց Իգդիր-Նախչըվան գազատարը, որը դարձավ երկու երկրների միջև երկարաժամկետ էներգետիկ համագործակցության նորագույն օրինակը։ Այս նախագիծը ամրապնդեց Նախչըվանի Ինքնավար Հանրապետության էներգետիկ անվտանգությունը և ավելի ուժեղ դարձրեց Թուրքիան ու Ադրբեջանը։
Zinvor.info

Հեշթեգներ. Էրդողան   Թուրքիա   Ադրբեջան  


Լրահոս