Նախագահը՝ Ղարաբաղյան հակամարտության ու Զանգեզուրի միջանցքի մասին
  Նախագահը՝  Ղարաբաղյան հակամարտության ու Զանգեզուրի միջանցքի մասին
09:01     23 07 2021    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ղարապաղի վերաբերյալ Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումները համընկնում են. «Ադրբեջանն ու Ռուսաստանը ղարաբաղյան հակամարտությունն ավարտված են համարում»։

Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հուլիսի 20-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ մի շարք հարցեր։

«Մենք քննարկել ենք տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքը և հակամարտությունից հետո ընկած ժամանակահատվածը։ Մենք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, մոտեցումների շուրջ տարաձայնություններ չունենք․ մենք կարծում ենք, որ պատերազմն ավարտվել է, հակամարտությունն ավարտված է»,- հուլիսի 22-ին AzTV-ին տված հարցազրույցում հայտարարել է Նախագահը։

Նրա խոսքով՝ կարևոր է Հայաստանում կանխել ռևանշիզմի դրսևորումները և դրանից հետո տարածաշրջանում խաղաղություն հաստատել։

«Պատերազմի ռիսկերը պետք է նվազագույնի հասցվեն և վերացվեն։ Մենք այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ տարաձայնություններ չունենք, մենք համակարծիք ենք։ Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա ես պարոն Պուտինին տեղեկացրի, որ Հայաստանը կրկին անկեղծ չէ այդ հարցում։ Պարոն Շառլ Միշելի (Եվրոպական խորհրդի ղեկավար-խմբ․) հետ մամուլի ասուլիսում ես ասացի, որ տարածաշրջանում բոլոր հաղորդակցությունները պետք է բացվեն միաժամանակ և չպետք է կիրառվի ընտրովի մոտեցում: Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանը հերթական անգամ ցանկանում է այստեղ ինչ-որ խաղ խաղալ,- հայտարարել է նա՝ հավելելով, թե Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածության 9-րդ կետի համաձայն։

Ընդ որում՝ նախագահ Իլամ Ալիևը հարցազրույցի ընթացքում անդրադարձել է նաև ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերություններին՝ ընդգծելով. «Ադրբեջանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են»։

«Մենք իրական ռազմավարական գործընկերներ ենք, մենք երկարաժամկետ ռազմավարական համագործակցության շուրջ տարաձայնություններ չունենք։ Մենք շատ ամուր բարեկամական կապեր ունենք, և անձամբ ես պարոն Պուտինի հետ շատ մտերմիկ հարաբերություններ ունեմ։ Մենք քաղաքական գործիչներ ենք, որոնք վստահում են միմյանց․ դա շատ կարևոր է, և իմ վերջին այցի ժամանակ քննարկվել են երկկողմ համագործակցության հարցեր»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Նախագահ   Իլհամ-Ալիև  


Լրահոս