Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը՝- AZAL-ի ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական զեկույցի մասին
  Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունը՝- AZAL-ի ինքնաթիռի կործանման հետաքննության նախնական զեկույցի մասին
10:02     05 02 2025    
Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունը տեղեկատվություն է տարածել՝ Ակտաուի օդանավակայանի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ՓԲԸ-ին պատկանող «Embraer 190» տիպի մարդատար ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ նախնական զեկույցի մասին, որն անցկացվել է Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին՝ Չիկագոյի 1944 թվականի կոնվենցիայի 13-րդ հավելվածի համապատասխան։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, տեղեկատվության մեջ ասվում է.

«2024 թվականի դեկտեմբերի 25-ին, պետական ռեգիստրում 4K-AZ65 համարի տակ գրանցված և «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ-ին պատկանող «Embraer 190-100 IGW» մարդատար ինքնաթիռը՝ կատարելով J2-8243 կանոնավոր չվերթ Բաքու քաղաքից (Ադրբեջանի Հանրապետություն) դեպի Գրոզնի քաղաք (Ռուսաստանի Դաշնություն), վթարի է ենթարկվել Ղազախստանի Հանրապետության տարածքում, Ակտաու օդանավակայանի մոտակայքում։ Վթարի հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամներ (կապիտանը և երկրորդ օդաչուն), ավագ բորտուղեկցորդուհին և 35 ուղևոր: Չնայած մարդկային զոհերին և վնասվածքներին, օդաչուների և բորտուղեկցորդների պրոֆեսիոնալիզմի, համարձակության և խիզախության շնորհիվ ինքնաթիռը կատարել է վթարային վայրէջք, ինչը հնարավորություն է տվել փրկել 29 մարդկանց կյանքը։ Ենթադրյալ վթարային վայրէջքի մասին տեղեկություն ստանալուց անմիջապես հետո, Ղազախստանի Հանրապետությունում անցկացվել են անհրաժեշտ փրկարարական աշխատանքներ, ողջ մնացածները տարհանվել են և ստացել բժշկական օգնություն։

Չիկագոյի կոնվենցիայի 13-րդ հավելվածի համաձայն, որի մասնակից են հանդիսանում Ադրբեջանն ու Ղազախստանը՝ Ղազախստանը, որպես պետություն, որի տարածքում է տեղի ունեցել ավիացիոն պատահարը, սկսել է հետաքննությունը։ Այս հետաքննության նպատակը հանդիսանում է թռիչքների և ավիացիոն անվտանգության ապահովումը, այլ ոչ թե մեղավորներին բացահայտելը։ Հետաքննության արդյունքները ուղղված կլինեն կործանման օբյեկտիվ պատճառները պարզելուն՝ միջազգային ավիացիոն ստանդարտներին համապատասխան, հետագայում նման միջադեպերը կանխելու համար Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը (ICAO) և շահագրգիռ կողմերին առաջարկություններ տրամադրելու նպատակով: Ադրբեջանի Հանրապետությունը հետաքննությանը մասնակցել է որպես օդանավի գրանցման և շահագործման պետություն։ Ադրբեջանի ներկայացուցիչները մասնակցել են հետաքննության բոլոր փուլերին, ներառյալ վթարի վայրի զննմանը, փաստերի արձանագրմանը, լուսանկարների և տեսանյութերի տրամադրմանը, ինչպես նաև մասնակցել են՝ Բրազիլիայում օդանավերի վթարների հետաքննության և կանխարգելման կենտրոնում (CENIPA) օդանավի «սև արկղերից» (CVFDR սարքեր) տվյալների դուրս գրման գործընթացին; նրանք նաև անցկացրել են՝ լրացուցիչ տվյալների և ապացույցների հավաքում։ Տեղեկության համար. CVR-ն (Cockpit Voice Recorder -խցիկում խոսակցությունների ինքնագիր) ձայնագրում է օդաչուների խցիկում ռադիոփոխանակումներ և ձայներ, ինչպիսիք են օդաչուների ձայները և կողմնակի աղմուկը, իսկ FDR-ն (Flight Data Recorder - Թռիչքի տվյալների ռեգիստրատոր) հետևում է թռիչքի կարևոր պարամետրերին, ինչպիսիք են ժամանակը, բարձրությունը, արագությունը, ուղղությունը և ինքնաթիռի դիրքը: «Embraer 190-100 IGW» ինքնաթիռը հագեցած էր երկու գործառույթները համատեղող երկու CVFDR սարքերով:

ICAO-ի պահանջներին համապատասխան՝ հետաքննությունն անցկացնող պետությունը 30 օրվա ընթացքում պետք է ICAO-ին և շահագրգիռ կողմերին ներկայացնի փաստացի տվյալներով նախնական զեկույց։ Ղազախստանում ստեղծված քննչական հանձնաժողովը այս զեկույցի պատրաստմանը ներգրավել է նաև Ադրբեջանի ներկայացուցիչներին։ Նախնական զեկույցում հաստատվում են հետևյալ փաստերը.

1. 4K-AZ65 համարով գրանցված և «Ադրբեջանական ավիաուղիներ» («AZAL») ՓԲԸ-ին պատկանող, Ադրբեջանի Հանրապետության Բաքու քաղաքից դեպի Ռուսաստանի Դաշնության Գրոզնի քաղաք J2-8243 կանոնավոր չվերթ կատարած «Embraer 190-100 IGW» մարդատար ինքնաթիռը՝ Ռուսաստանի Դաշնության Գրոզնի քաղաք չվերթի թռիչքի մեկնարկի պահից գտնվել է թռիչքների համար լիովին պիտանի վիճակում։ Օդանավի թռիչքային պիտանիության այս տվյալները, ներառյալ նրա կառավարման համակարգերի աշխատանքը, հաստատվել են FDR-ի տվյալների օգնությամբ;

2. Ինքնաթիռի երկու շարժիչներն էլ մինչև վթարի պահը աշխատել են առանց տեխնիկական խնդիրների։ Այս տեղեկությունը նույնպես հաստատում են FDR-ի տվյալները;

3. Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում, այդ թվում նաև Գրոզնիի օդանավակայանի վրայով թռչելիս, ինքնաթիռը կորցրել է GPS-ի ազդանշանները;

4. Գրոզնիի վրա եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ինքնաթիռը չի կարողացել կատարել երկրորդ վայրէջքը, որից հետո կապիտանը որոշել է վերադառնալ Բաքու։ Գրոզնիի վրա այս որոշումը կայացնելուց հետո, CVR-ում գրանցվել է երկու արտաքին ձայն՝ 24 վայրկյան ընդմիջումով;

5. CVR-ի և FDR-ի տվյալների համեմատությունը ցույց է տվել, որ առաջին արտաքին ձայնից 4 վայրկյան անց շարքից դուրս է եկել 3-րդ հիդրավլիկ համակարգը, 6 վայրկյան հետո՝ 1-ին հիդրավլիկ համակարգը, իսկ 21 վայրկյան հետո՝ 2-րդ հիդրավլիկ համակարգը;

6. Ֆյուզելյաժում հայտնաբերվել են բազմաթիվ խուլ և միջանցիկ վնասվածքներ, որոնք արձանագրվել են լուսանկարների և տեսանկարահանումների միջոցով: Այս վնասվածքները հայտնաբերվել են ֆյուզելաժի հետնամասում, որոնց ճնշող մեծամասնությունը եղել է ուղղահայաց և հորիզոնական կայունարարների, ինչպես նաև ձախ թևի և ձախ շարժիչի վրա;

7. Ներկայացվել է տեղեկություն այն մասին, որ օդանավի ֆյուզելյաժում հայտնաբերված վնասվածքները առաջացել են արտաքին օբյեկտների ազդեցության հետևանքով։ Նախնական զեկույցը չի պարունակում տեղեկատվություն՝ թռչունների հետ օդանավի ընդհարումը մատնանշող որևէ փաստի առկայության մասին;

8. Ֆյուզելաժի խուլ վնասվածքներում հայտնաբերված, օդանավին չպատկանող կողմնակի օբյեկտները հանվել են; նրանց լուսանկարները հանրությանը ներկայացված են նախնական զեկույցի տեքստում։ Հայտնաբերված կողմնակի օբյեկտների ինքնությունը ճշգրիտ որոշելու համար հետագայում նախատեսվում են լրացուցիչ փորձաքնությունների անցկացում;

9. Ժամը 05:13:32-ին խափանվել են օդանավի կառավարման հիմնական համակարգերը; ժամը 05:21:42-ին փոխազդեցության դիսպետչերը Գրոզնիին հաղորդել է «Գորգ» գործողության անցկացման մասին;

10. Թթվածնի բալոնի պայթյունի փաստ պարունակող ոչ մի տեղեկատվություն նշված չէ;

Նշված փաստերը հաստատող լուսանկարները, աուդիո և թվային ձայնագրությունները բերված են նախնական զեկույցի տեքստում։

ԻԿԱՕ-ի Չիկագոյի կոնվենցիայի պահանջներին համապատասխան՝ նախնական զեկույցից հետո պատահարի պահից մեկ տարվա ընթացքում պետք է՝ վթարի պատճառների վերաբերյալ վերջնական զեկույց պատրաստվի։ Վերջնական զեկույցի պատրաստման աշխատանքները արդեն սկսվել են՝ Ղազախստանի Հանրապետության և հետաքննությանը մասնակցող այլ պետությունների կողմից»։
Zinvor.info

Հեշթեգներ. AZAL   Ադրբեջան  


Լրահոս