Ալիև. Հայաստանը պետք է ներողություն խնդրի իր կատարած բոլոր հանցագործությունների համար
  Ալիև.  Հայաստանը պետք է ներողություն խնդրի իր կատարած բոլոր հանցագործությունների համար
14:43     02 10 2024    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղերձ է հղել «Կլիմայի փոփոխությունը և մարդու իրավունքները. օմբուդսմենների և մարդու իրավունքների ազգային ինստիտուտների դերը» միջազգային ֆորումի մասնակիցներին, որն անցկացվում է Բաքվում։

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, իր ուղերձում Իլհամ Ալիևը հիշեցրել է, որ Հայաստանը գրեթե երեսուն տարի, անտեսելով միջազգային իրավունքը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և այլ միջազգային կազմակերպությունների բանաձևերը, օկուպացիայի տակ է պահել ադրբեջանական հողերը, այստեղ էթնիկ զտումներ է իրականացրել, շուրջ մեկ միլիոն մեր հայրենակիցների վերածել փախստականի և հարկադիր վերաբնակի:

Նախագահն ընդգծել է, որ թեև հակամարտությունն ավարտվել է, սակայն Հայաստանի երեսնամյա ռազմական ագրեսիայի ծանր հետևանքները դեռևս լուրջ վտանգ են ներկայացնում մարդկանց կյանքի և շրջակա միջավայրի համար։

Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանը երկար ժամանակ օկուպացված տարածքներում բնապահպանական և մշակութային ցեղասպանություն, ինչպես նաև ուրբիցիդ է իրականացրել, աղտոտել ու թունավորել է մեր հողերն ու գետերը, ոչնչացրել անտառները, ավերել քաղաքներն ու գյուղերը, այստեղ տեղադրել բազմաթիվ ականներ, որոնք սպառնում են մարդկանց կյանքի իրավունքին և լուրջ վնաս պատճառում շրջակա միջավայրին: Միաժամանակ ոչնչացվել է ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգությունը, ավերվել են կրոնական ու մշակութային հուշարձանները։

Նախագահն ասել է, որ Հայաստանը պետք է ներողություն խնդրի իր կատարած բոլոր հանցագործությունների համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Ալիև   Ադրբեջան