Քաղաքագետ Սուրենյանց. Ադրբեջանը հասել է իր նպատակին
  Քաղաքագետ Սուրենյանց.  Ադրբեջանը հասել է իր նպատակին
14:48     28 02 2024    
«Ուզենք, թե չուզենք, ադրբեջանական օրակարգն իրականացվում է, այսինքն՝ 2023 թվականի դեկտեմբերի 7-ից Բաքուն ուղիղ բանակցություններ է վարում Հայաստանի հետ։ Կարծես թե Ադրբեջանը հասել է իր նպատակին՝ անկախ նրանից, թե ինչ են ասում Հայաստանի իշխանությունները»։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

«Ջեյհուն Բայրամովի տոնն ու ձևակերպումը հստակ ցույց է տալիս, որ միջնորդներ չեն լինի, նույնիսկ եթե հանդիպումը կայանա Բեռլինում։ Առավելագույնը Բեռլինը կարող է համակարգողի կարգավիճակ ունենալ, այսինքն՝ միջնորդության մասին խոսք լինել չի կարող։

Ինձ համար ակնհայտ է, որ այդ բանակցությունները միջնորդի ձևաչափով չեն ընթանալու, որի դեպքում շատ կարևոր է դառնում, թե որ երկիրն է տրամադրել բանակցությունների սեղանը։ Այս հանգամանքը պայմանավորված է նաև նրանով, որ դրա մասին առաջինը հայտարարել է Բաքուն, և ոչ թե Երևանը, քանի որ եթե Երևանը հայտարարեր, պետք է պատասխաներ մի շարք հարցերի, որոնցից նրանք փորձում են խուսափել։

Նույն տրամաբանությամբ նայեք Ջեյհուն Բայրամովի կասկածներին՝ կապված դիտորդական առաքելության հետ։ Նրանք հետևողականորեն պահպանում են այն գիծը, որ ամեն ինչ կարելի է պայմանավորվել միասին, երրորդ երկրներն ավելի շատ են միջամտում և այլն։ Այսինքն՝ Բաքվի տրամաբանությունը պարզ է, և մնացած ձևակերպումները բխում են այս տրամաբանությունից»,- հայտարարել է քաղաքագետը։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԶԼՄ  


Լրահոս