Ադրբեջանը ողջունում է ռազմագերիների վերաբերյալ Հայաստանի նախաձեռնությունը
 Ադրբեջանը ողջունում է ռազմագերիների վերաբերյալ Հայաստանի նախաձեռնությունը
14:41     14 02 2024    
Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովը ողջունում է հայկական համանուն մարմնի հայտարարությունը՝ ռազմական գործողությունների ժամանակ անհետ կորածների ճակատագիրը պարզելու հարցում համագործակցելու պատրաստակամության մասին, և ինչպես միշտ նպատակահարմար է գտնում համախմբել ջանքերն այս ուղղությամբ։

-Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։ «Հարկ է նշել, որ Ադրբեջանը, առաջնորդվելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով և 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հռչակագրի համապատասխան դրույթներով, ռուսական խաղաղապահ կոնտինգենտի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ մասնակցությամբ, հայկական կողմի համար ստեղծել է բոլոր պայմանները՝ ռազմական գործողությունների տարածքներում որոնողական աշխատանքներ իրականացնելու համար, արդյունքում՝ 1713 մարդու դի 44-օրյա պատերազմից հետո, 157 մարդու դի՝ 2022 թ. սեպտեմբերի 12-14-ին հայ-ադրբեջանական պայմանական սահմանին տեղի ունեցած ռազմական հակամարտությունից հետո, 173 դի 2022 թվականի սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած հակաահաբեկչական գործողությունից հետո հայտնաբերվել և Հայաստան է տեղափոխվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, հաղորդագրությունում նշվում է, որ Ադրբեջանի 3890 քաղաքացիներ պետական հանձնաժողովում գրանցվել են որպես անհետ կորած՝ Ղարաբաղյան Առաջին պատերազմում, և 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ նրանցից միայն 25-ի աճյունն է ճանաչվել. «Ադրբեջանի հասարակությանը առավել լրջորեն անհանգստացրել է՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած 54 ադրբեջանցիների ճակատագիրը: Այսպես, 1998-2001 թվականներին ստացված տվյալների համաձայն՝ Ադրբեջանի այս 54 քաղաքացիները գերեվարվել և պատանդ են վերցվել Առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակ, ԿԽՄԿ-ն այցելել է նրանց կալանավայրեր՝ Հայաստանում և Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքներում, նրանք պաշտոնապես գրանցված են եղել այս կառուցի կողմից։ Արդյունքում՝ ընդամենը 17 մարդու դի է փոխանցվել Ադրբեջանին, 4 հոգու հետագա ճակատագիրը չի հաջողվել ճշտել։ Թեև նշվել է, որ 33 հոգի մահացել է կալանքի վայրում, սակայն նրանց մարմինները չեն վերադարձվել»։

Պետական հանձնաժողովն անհրաժեշտ է համարում անհետ կորած հայրենակիցների թաղման վայրերի որոնողական աշխատանքներին ներգրավել դաշտային հրամանատարներին և այլ լիազորված անձանց, ովքեր ղեկավարել են Հայաստանի ռազմական գործողությունները մինչև 1994 թվականը և ովքեր ունեն բավարար տեղեկատվություն զանգվածային գերեզմանների մասին. «Մենք ևս մեկ անգամ հայտարարում ենք մեր պատրաստակամությունը՝ համագործակցելու Հայաստանի համապատասխան կառույցների հետ՝ երկու կողմից էլ անհետ կորածներին որոնելու համար՝ ճշգրտության, թափանցիկության սկզբունքներին համապատասխան՝ փոխվստահության մթնոլորտում»։

Zinvor.info
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Հայաստան  


Լրահոս