Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հոկտեմբերի 24-ին խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Թուրալ Գյանջալիևը։
Նրա խոսքով, Ֆրանսիայի և Հայաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցության մասին ստորագրված համաձայնագիրը նպատակ ունի խախտել տարածաշրջանում փխրուն հավասարակշռությունը։ Այս համաձայնագիրն ուղղված է նաև Ադրբեջանի ազգային անվտանգության դեմ, ասել է պատգամավորը։
Գյանջալիևը նշել է, որ Ֆրանսիան շարունակում է վարել գաղութատիրական քաղաքականություն՝ դրան տալով նոր ձև. «Մենք պետք է աջակցենք այս բռնությունից տառապող ժողովուրդներին։ Բացի այդ, մենք պետք է դատապարտենք Ֆրանսիայի ագրեսիվ քաղաքականությունը միջազգային կազմակերպությունների միջոցով»։
Միլլի Մեջլիսի պատգամավոր Էլման Նասիրովն իր հերթին ընդգծել է, որ Ֆրանսիայի և Հայաստանի միջև այս համաձայնագիրը ապագայում կարող է լուրջ սպառնալիքներ առաջացնել տարածաշրջանում. «Լավագույն դեպքում սա կարող է Հայաստանին հրահրել ռազմական սադրանքների, իսկ վատագույն դեպքում կարող է հանգեցնել Ղարաբաղյան երրորդ պատերազմի»։
Zinvor.info