Իլհամ Ալիև. Ադրբեջանը Շուշայում վերականգնում է մզկիթները
  Իլհամ Ալիև.  Ադրբեջանը Շուշայում վերականգնում է մզկիթները
16:54     02 10 2023    
Հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան հանդիպել են՝ ISESCO-ի գլխավոր տնօրեն Սալիմ բեն Մուհամմադ ալ-Մալիքի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկություն է տեղադրված ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը ընդգծվել է Ադրբեջանում անցկացվող 74-րդ միջազգային տիեզերագնացության կոնգրեսի կարևորությունը, որին մասնակցում են բազմաթիվ հյուրեր աշխարհի տարբեր երկրներից, և նշվել է, որ Ադրբեջանն արդեն դարձել է միջազգային հեղինակավոր միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման վայր:

Սալիմ բեն Մուհամմադ ալ-Մալիքը շնորհավորել է Իլհամ Ալիևին՝ 2024 թվականին Ադրբեջանի Շուշա քաղաքին «Իսլամական աշխարհի մշակութային մայրաքաղաք» կոչումը շնորհելու կապակցությամբ։ Այս կոչումը շնորհվել է անցյալ շաբաթ Կատարի մայրաքաղաք Դոհայում անցկացված՝ իսլամական աշխարհի մշակույթի նախարարների 12-րդ համաժողովի մասնակիցների միաձայն որոշմամբ։

Շնորհակալություն հայտնելով այս որոշման ընդունման համար՝ Ադրբեջանի նախագահը բարձր է գնահատել այն որպես եղբայրության և գործընկերության օրինակ՝ նշելով, որ այս իրադարձությունն առանձնահատուկ հպարտություն է առաջացնում ողջ ադրբեջանական ժողովրդի մոտ։

Ընդգծելով, որ Շուշայում լայնածավալ վերականգնման և վերակառուցման աշխատանքներ են իրականացվում, Իլհամ Ալիևը գոհունակությամբ նշել է, որ այստեղ, այլ օբյեկտների հետ մեկտեղ, վերականգնվում են նաև մզկիթները, և այդ գործընթացը շարունակվում է։ Նախագահը հավելել է, որ լայնածավալ աշխատանքներ են տարվում նաև օկուպացիայից ազատագրված այլ տարածքներում։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Շուշա  


Լրահոս