Ինչպես հաղորդում է
Zinvor.info-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Յուրի Քիմի խոսքերը, ով պահանջել է անհապաղ բացել Լաչինի ճանապարհը և հայտարարել, որ «Միացյալ Նահանգներն անընդունելի են համարում ուժի կիրառումը Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ»:
«Հայտնի է, որ լսումների նախաձեռնողն ու կազմակերպիչը, որում ելույթ է ունեցել Քիմը, հայամետ սենատոր Ռոբերտ Մենենդեսն է, ով առանձնանում է մեր երկրի նկատմամբ ավանդական թշնամական դիրքորոշմամբ: Մինչ սենատորին կոռուպցիայի մեղադրանք է առաջադրվել և տարվում է հետաքննություն, նա շարունակում է զբաղվել հակաադրբեջանական գործունեությամբ՝ հիմնված հայկական սփյուռքի արմատական անդամների կեղծ պնդումների վրա: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ նրան խորթ են քաղաքական էթիկայի կանոնները։
Այս հայտարարությունները հակասում են Աղդամ-Խանքենդի և Լաչին-Խանքենդի ճանապարհների միաժամանակյա օգտագործման պայմանավորվածությանը, որը քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Բլինկենի սեպտեմբերի 1-ին կայացած զրույցի ժամանակ, ինչպես նաև պարունակում են Ադրբեջանի դեմ Հայաստանի զրպարտչական արշավի տարրեր։ Ամերիկյան կողմը քաջատեղյակ է, որ այս պայմանավորվածությունը խախտվել է Հայաստանի և նրա ստեղծած անօրինական ռեժիմի կողմից, քաջատեղյակ է նաև, որ «շրջափակման» և «մարդասիրական ճգնաժամի» մեղադրանքներն անհիմն են։
Կուզենայինք հիշեցնել տիկին Քիմին, ով պնդում է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը չի ավարտվել, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված Եռակողմ հռչակագրից հետո մենք առաջարկել ենք խաղաղություն՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա։ Միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնությամբ մեկնարկած խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ բանակցային գործընթացի առկայությունը հետպատերազմյան և հետհակամարտային շրջանի հիմնարար գործընթաց է։
«Ռազմական հարձակման» մեղադրանքի առնչությամբ շեշտում ենք, որ ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը երբեք ուժ չի կիրառել խաղաղ բնակչության նկատմամբ, ընդհակառակը, ազգային մակարդակով միջոցներ են ձեռնարկվում հայ բնակիչներին մեր հասարակությանը վերաինտեգրելու ուղղությամբ։ Վերաինտեգրման գործընթացը Ադրբեջանի ներքին խնդիրն է, և մեր ներքին գործերին միջամտությունն անընդունելի է։
Մենք խորհուրդ ենք տալիս միջազգային հանրությանը, այդ թվում՝ ամերիկյան կողմին, չմասնակցել տարածաշրջանի ապակայունացմանը նպաստող գործողություններին, չխաբվել Հայաստանի զրպարտչական արշավին»,- հայտարարել է Հաջիզադեն։
Zinvor.info