Ալիևն ու Գալանտը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
  Ալիևն ու Գալանտը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
14:16     13 07 2023    
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին տեղեկությունը զետեղված է ԱՀ ղեկավարի պաշտոնական կայքում։

Հանդիպմանը Յոավ Գալանտը Իլհամ Ալիևին է փոխանցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ողջույնները։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել ողջույնի համար և խնդրել է իր ողջույնները փոխանցել Իսրայելի վարչապետին։

Զրույցի ընթացքում նշվել է Իլհամ Ալիևի և Յոավ Գալանտի հանդիպումը, որը տեղի է ունեցել այս տարի Մյունխենում։

Գոհունակություն է հայտնվել երկկողմ հարաբերությունների, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացումից։ Նշվել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի Ադրբեջան այցի դերը ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների զարգացման գործում։

Հանդիպմանը կարևորվել է Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումը համագործակցության ընդլայնման տեսանկյունից։
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   Իսրայել  


Լրահոս