ԱԳՆ. Հայաստանը պետք է ընդունի և հարգի Ադրբեջանի՝ իր տարածք մուտքն ու ելքը վերահսկելու իրավունքը
  ԱԳՆ.  Հայաստանը պետք է ընդունի և հարգի Ադրբեջանի՝ իր տարածք մուտքն ու ելքը վերահսկելու իրավունքը
10:21     24 04 2023    
Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը 2023 թվականի ապրիլի 23-ին ադրբեջանա-հայկական սահմանին Լաչին-Խանքենդի ճանապարհի սկզբնամասում անցակետ ստեղծելու ադրբեջանական կողմի միջոցառման հետ կապված։

Այս մասին հայտնում է Zinvor.info-ն՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին։

«Հայաստանի արտաքին գործերի նախարարության տվյալ հայտարարությունը Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու հերթական փորձն է, և դա անընդունելի է։ Հայկական կողմի նման հայտարարությունները, միջամտելով Ադրբեջանի ներքին գործերին՝ ոչ միայն չեն նպաստում տարածաշրջանում խաղաղությանն ու հանգստությանը, այլև հանգեցնում են լարվածության աճի։

Ադրբեջանի օրինական որոշումն ու քայլը՝ իր ինքնիշխան տարածքում սահմանին ստուգիչ անցագրային կետ ստեղծելու մասին, համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր սկզբունքներին ու նորմերին։ Հայտնի է, որ հայկական կողմը Պրահայի և Սոչիի հանդիպումների արդյունքում հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչման մասին։ Ելնելով դրանից՝ Հայաստանը պետք է ընդունի և հարգի Ադրբեջանի՝ իր տարածք մուտքն ու ելքը վերահսկելու իրավունքը։

Ինչ վերաբերում է չհիմնավորված պնդմանը, թե Ադրբեջանը խախտել է եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, հայկական կողմին ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստանի ղեկավարությունն ամենաբարձր մակարդակով հաստատել է, որ եռակողմ հայտարարությամբ այդ երկրին որևէ գործառույթ չի տրվել Լաչինի ճանապարհով երթևեկության կազմակերպման հարցում։

Մենք խորհուրդ ենք տալիս հայկական կողմին զերծ մնալ նման սադրանքներից, ամենայն պատասխանատվությամբ մոտենալ Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցելու ջանքերին այնպիսի սկզբունքների հիման վրա, ինչպիսիք են երկրների տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը, կառուցողական դիրքորոշում ցուցաբերել և տարբեր պատրվակներով չխոչընդոտել խաղաղ բանակցություններին», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Zinvor.info

Հեշթեգներ. Ադրբեջան   ԱԳՆ  


Լրահոս