Իլհամ Ալիև. Հայաստանը մանիպուլյացիա է անում Լաչինի ճանապարհի իրադարձությունների հետ
  Իլհամ Ալիև.  Հայաստանը մանիպուլյացիա է անում Լաչինի ճանապարհի իրադարձությունների հետ
15:10     18 01 2023    
Հունվարի 18-ին Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ։

Ինչպես հայտնում է Zinvor.info-ն, այս մասին ասված է ԱՀ նախագահի պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

Հանդիպմանը Գիտանաս Նաուսեդան գոհունակությամբ է խոսել նախորդ տարի Ադրբեջան կատարած իր այցի մասին, ընդգծել է, որ այցի ընթացքում Իլհամ Ալիևի հետ լայն քննարկումներ են անցկացրել երկկողմ կապերի զարգացման վերաբերյալ: Նաուսեդան Իլհամ Ալիևին հրավիրել է այցելել Լիտվա։ Ընդունելով հրավերը՝ Ալիևը կարևորել է Լիտվայի նախագահի այցն Ադրբեջան՝ երկկողմ համագործակցության զարգացման տեսանկյունից։

Զրույցի ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային խնդիրների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի, Լաչին-Խանքենդի ճանապարհի իրադարձությունների շուրջ։

Իլհամ Ալիևը հայտնել է, որ Հայաստանը մանիպուլյացիա է անում Լաչինի ճանապարհին տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու համար և կեղծ տվյալների հիման վրա պնդում է, որ իբր ճանապարհը փակ է։ Նա հայտարարել է, որ ճանապարհը բաց է քաղաքացիական անձանց և քաղաքացիական նշանակության բեռների փոխադրման համար, ապահովված է մարդասիրական բեռների ազատ տեղաշարժը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։

Նախագահ Իլհամ Ալիևն ընդգծել է ռուսական խաղաղապահ ուժերի ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում բնական ռեսուրսների անօրինական շահագործման դադարեցման և Ադրբեջանի տարածքից հանցավոր տարրերի դուրսբերման կարևորությունը։ Ադրբեջանի նախագահը նշել է, որ հայկական կողմը ավելի քան երկու տարի Լաչինի ճանապարհն օգտագործել է ականներ, զինամթերք և անձնակազմ տեղափոխելու համար։
Zinvor.info

Հեշթեգներ. Իլհամ-Ալիև   Ադրբեջան  


Լրահոս