Zinvor.info-յի փոխանցմամբ՝ այս մասին գրում է «Հրապարակ»-ը:
Պարբերականը նշում է, որ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ում փողի ավելցուկ է, և այս ՊՈԱԿ-ը տարվա վերջին ինչ-որ անհասկանալի սեմինարներ է կազմակերպում՝ ավելցուկ փողից ազատվելու համար։
«ՊՈԱԿ-ի տնօրենը Վաղինակ Սարգսյանն է: Նշանակվել է այս տարվա ապրիլ-մայիսին: ՊՈԱԿ-ը ստեղծվել է 2001-ին, խորհրդում մի քանի նախարարության ներկայացուցիչ է՝ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, արդարադատության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի: Բայց լիազոր մարմինը ՊՆ-ն է», - ասվում է հոդվածում:
«Եվ այսպես․ ՊՈԱԿ-ը նոյեմբերին դասընթաց է կազմակերպել Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում, նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 2-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնի հրահանգիչները ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում «Աստղավարդ» հասարակական կազմակերպության 12 աշխատակցի համար կազմակերպել են «Պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման դասընթացավարի պատրաստման» թեմայով դասընթացավարի որակավորման ուսուցում: Դեկտեմբերի 16-ին ՊՈԱԿ-ը կազմակերպել է «2022 թվականի աշխատանքների ամփոփում եւ 2023 թվականին նախատեսվող ծրագրեր» թեմայով տարեվերջյան ամփոփիչ աշխատաժողով։
Մեր տեղեկություններով՝ քննարկումներից մեկն էլ արվել է Ջրվեժի «Ղարս» ռեստորանում՝ խորովածով-բանով։ Հետաքրքիր է, որ այս ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքում գնման գործընթացների մասին տեղեկություններն իսպառ բացակայում են, այդ բաժինը պարզապես դատարկ է։ Համացանցի բաց աղբյուրներից տեղեկացանք, որ այս ՊՈԱԿ-ին 2021 թվականին միայն մեկ ծրագիր իրականացնելու համար (Ականազերծված տարածքների մոնիթորինգ, նշագրված տարածքների մոնիթորինգ, ականների վտանգի իրազեկման միջոցառումներ, ականազերծման աշխատանքներ Տեղ համայնքում) կառավարության կողմից փոխանցվել է 338 մլն 945 հազար դրամ։ Եվ այսքան ֆինանսավորման պայմաններում ՊՈԱԿ-ը նորմալ կայք անգամ չունի՝ դրա բաժինների մեծ մասն ամբողջացված, լրացված չէ՝ կառուցման ընթացքի մեջ է։
Ի դեպ, մոնիթորինգներն ու դասընթացներն ամենաչբռնվող թեմաներն են, որտեղ կարելի է անսահմանափակ քանակով փողեր «լվանալ» և չբռնվել», - գրում է թերթը։